Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով կասկածյալ Շուշանիկ Բախշյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել

Ծննդկան Մերի Մարգարյանի գործով կասկածյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Վերջինիս հետ քննչական գործողություն չի կատարվել առողջական վիճակի պատճառով: Նշենք, որ Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել էր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով:

Նշենք, որ հունվարի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից բժշկուհուն տեղափոխել էին  շտապօգնության մեքենայով: Նա հունվարի 22-ին ներգրավվել էր՝ որպես կասկածյալ, որոշում էր կայացվել  նրան ձերբակալելու մասին:

Քննչական կոմիտեն ստացել էր  հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ 2015թ. հուլիսի 24-ին և 25-ին հիվանդանոցում Մ.Մարգարյանի զննությունից հետո` ջերմության առկայության պայմաններում (նաև անամնեզում ջերմության առկայությունը բարձր թվերի վրա) հիվանդին չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված:

Ինչ վերաբերում է Մերի Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապին, ապա հանձնաժողովը նշել է, որ 27.07.2015թ. ժամը 09:00-ին, հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և, որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց, պետք է հնարավորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով:

Ըստ փորձագետների՝ նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ:

Տեսանյութեր

Լրահոս