ABBA խումբը կրկին միավորվել է
ABBA խմբի անդամները երկար տարիների բաժանումից հետո կրկին միավորվել են Ստոկհոլմում, ռեստորանի բացման ժամանակ: Անետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդա Լինգստադը և Բենի Անդերսոնը եկել էին մասնակցելու Բյորն Ուլվեուսի նոր նախագծի ստեղծմանը: Ուլվեուսը բացել է հունական պանդոկ: Ռեստորանը բացելու համար Ուլվեուսը ոգեշնչվել էր հայտնի «Mamma Mia!» մյուզիքլից և ֆիլմից, որի գործողությունները տեղի են ունենում Հունաստանում:
Հյուրերին առաջարկել են վայելել հայտնի խմբի երգերը, և, երբ բոլոր 4 անդամները բեմ են բարձրացել, բոլորին թվացել է, թե նրանք հիմա երգելու են: Սակայն նրանք բարձրացել են բեմ միայն լուսանկարվելու համար, ինչպես նաև՝ իրենց խոսքում մերժել են միասին երգելու առաջարկությունը: Չնայած խմբի բաժանումից հետո համատեղ լուսանկարը ևս կարելի է սենսացիա համարել:
Երկար տարիներ անց սա առաջին անգամն էր, երբ խումբն ամբողջ կազմով կանգնած էր մեկ բեմի վրա: Վերջին անգամ այս քառյակը միասին էր 2008 թվականին «Mamma Mia!» ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Ի դեպ, ABBA խմբի վերջին համերգը ևս տեղի է ունեցել Ստոկհոլմում, 1982 թվականին: Դրանից հետո խմբի անդամները սկսեցին աշխատել առանձին նախագծերի համար: Բենին և Բյորնը նշում էին, որ խումբը դադարեցրել է գործունեությունը, իսկ Անետան և Ֆրիդան մամուլին տեղեկացնում էին, որ խումբը շուտով կմիավորվի և նոր ալբոմ կձայնագրի:
Խմբի բաժանմանը նպաստեցին խմբի անդամների բաժանումները: Սկզբում բաժանվեցին Բյորնն ու Անետան, իսկ ավելի ուշ՝ Բենին և Ֆրիդան:
Բաժանումից հետո երկրպագուների կողմից «Հիանալի քառյակ» անունը ստացած խումբն իր երկրպագուներին թողեց այնպիսի հիթեր, որոնք լսում են նաև հիմա:
ABBA-ի հայտնի երգերից են՝ “Waterloo”, “Honey, Honey”, “SOS”, “Mamma Mia”, “Fernando”, “Money, Money, Money”. “Knowing Me, Knowing You”, “Dancing Queen”, “Happy New year” և այլն: 2014 թվականի հաշվարկներով աշխարհում վաճառվել է խմբի ձայնագրությունների 350 միլիոն օրինակ:
Սիրարփի Աղաբաբյան