Բաժիններ՝

Հասուն տարիքում ավելի շատ ես զգում երեխա ունենալու պատասխանատվությունը. Իռա Հարությունյանը հղիության 9-րդ ամսում է. Life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցը Իռա Հարությունյանն է։ Դերասանուհի Իռա Հարությունյանը ծննդաբերության համար արդեն հետհաշվարկ է սկսել, նա գտնվում է հղիության 9-րդ ամսում, ըստ բժիշկների՝ մինչ փետրվարի առաջին կեսը նրա երկրորդ որդին լույս աշխարհ կգա:

Իռա Հարությունյանի առաջնեկն արդեն 13 տարեկան է, ուղիղ 13 տարի անց կրկին մայրանալը դերասանուհու համար ասես առաջին անգամը լինի.

«Ճիշտ է՝ որդի ունեմ, բայց հիմա փոքրիկի խնամքի վերաբերյալ շատ բաներ արդեն մոռացել եմ, ուստի խորհուրդների կարիք եմ զգում, փորձում եմ կրկին տեղեկանալ, թե ինչպես է պետք ճիշտ մեծացնել ու խնամել բալիկներին: Իսկապես, այնպիսի տպավորություն է՝ կարծես թե առաջին անգամ պետք է մայրանամ, սպասումներն ու զգացողությունները կարծես թե նոր լինեն: Հիմա, երբ նայում եմ տղայիս, ասում եմ, միթե այս ամենի միջով ես անցել եմ: Ինձ համար հրաշքի նման մի բան է՝ պատկերացնելը, որ բնությամբ կնոջ կյանքի մեջ կյանք է ապրում,- նշեց Իռան ու պատմեց, որ առաջնեկին ունենալու ժամանակ այլ կերպ է վերաբերվել,- առաջնեկիս՝ Արամին, ունեցել եմ 25 տարեկանում, երբ շատ երիտասարդ էի:

Այն ժամանակ նման կերպ չէի վերաբերվում թե ինձ, թե կարգավիճակիս: Այս առումով տարիքն իր դրական ազդեցությունն ունի՝ հասուն տարիքում ավելի շատ ես զգում երեխա ունենալու պատասխանատվությունը, նաեւ շատ ավելի էմոցիոնալ ես: Մի բան էլ նշեմ՝ երբեք չեմ հասկացել այն մայրերին, ովքեր իրար հետեւից մի քանի երեխա են ունեցել, ինձ համար այդպես մի երեխայից գողանում ես նրան հատկացվելիք ժամանակն ու ստիպված նվիրում հաջորդին. Յուրաքանչյուր երեխայի յուրահատուկ ուշադրություն է պետք, դրա համար ես նույնիսկ չեմ փոշմանում, որ այսքան երկար դադար եղավ առաջնեկիս եւ երկրորդիս ունենալու միջեւ»:

Թե ինչպե՞ս է վերաբերվում 13-ամյա Արամն այն փաստին, որ իրենից բացի տանը եւս մեկ երեխա է լինելու, Իռա Հարությունյանը պատմեց.

«Իրականում Արամը մեզ համար երեխա եղել է ու կմնա, հիմա մենք չենք էլ պատկերացնում, որ բացի Արամից մի հոգու էլ ենք այդքան սիրելու: Ուրախ եմ, որ որդիս այնքան հասուն է, որ մեծի նման մտածում է իմ մասին, հետեւում է, որ տաք հագնվեմ, որ հաբերը ճիշտ ժամանակին խմեմ, սնվեմ. նրա նման վերաբերմունքը տեսնելով հպարտանում եմ իրենով: Գտակցում է, որ շուտով մեծ եղբայր է դառնալու, դրանից ելնելով էլ իրեն շատ լուրջ ու հասուն է պահում, մենք էլ իրեն միշտ ասում ենք, որ նա մեր առաջինն ու գլխավորն է»:

Ի դեպ, դերասանուհին նկատեց, որ փոքրիկ եղբոր անվան ընտրությունը Արամն է կատարել, բայց դեռ չցանկացավ այն հայտնել:

Իռա Հարությունյանն ամեն բան պատրաստել է փոքրիկի համար, կատարել է անհրաժեշտ գնումները.

«Վաղուց եմ սկսել բալիկիս համար անհրաժեշտ գնումները: Քանի որ այդ հարցում մի փոքր կամակոր եմ, ուզում եմ ամեն բան իմ ճաշակով ու ցանկությամբ լինի, դրա համար փորձել եմ ինքս անել, որպեսզի բալիկի ծնունդից հետո նման հարցերով շատ չխառնվեմ: Իհարկե, ինչ-որ իմաստով հետեւել եմ նաեւ մեզանում առկա չգրված օրենքներին, ըստ որի մինչ բալիկի ծնունդը մեծ գնումներ չանել, դրա համար փոքրիկի օրորոցը եւ նման մեծ իրերը գնել ենք, բայց դեռ թողել ենք խանութներում, որոնք կբերենք որդուս ծնվելուց հետո միայն: Չնայած ինձ համար արդեն դժվարացել է երկար քայլելը, բայց մեծ հաճույքով եմ զբաղվում դեռեւս չծնված փոքրիկիս համար անհրաժեշտ գնումներով»,- պատմեց դերասանուհին:

Իռայի երկրորդ որդին դեռ լույս աշխարհ չի եկել, բայց նա արդեն մտածում է դստեր մասին.

«Միշտ եմ երազել աղջիկ ունենալու մասին, նույնիսկ այս անգամ էի կարծում, որ աղջիկ եմ ունենալու: Ապագայում, եթե առողջությունս ների, կցանկանամ աղջիկ ունենալ, պարզապես ներքին համոզմունք ունեմ, որ եթե երրորդ երեխա էլ լինի, կրկին տղա կլինի,- ծիծաղելով նշեց նա եւ ավելացրեց,- 2-3 տարի անց, եթե Աստված կամենա կցանկանամ աղջիկ ունենալ: Ամեն դեպքում, ըստ իս ոչինչ պատահական չի լինում, ուրեմն պետք էր, որ երկրորդ տղան ունենայի, գուցե թոռնիկներս աղջիկներ լինեն»:

Շարունկաությունն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս