
«Գազպրոմի» պատճառով Վրաստանի ընդդիմությունը կոչ է անում Վրաստանի ԱԽ նիստ հրավիրել

Վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի հատուկ նիստ՝ քննարկելու «Գապրոմի» հետ բանակցությունների հարցը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ Վրաստանը ինտենսիվ բանակցություններ է վարում ռուսական ընկերության հետ այն բանից հետո, ինչ «Գազպրոմն» առաջարկեց Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դիմաց վճարել գումար:
Նախորդ համաձայնագրի ժամկետը լրացել է 2015թ. դեկտեմբերի 31-ին: Միևնույն ժամանակ, Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է «Գազպրոմից» կոմերցիոն գազ գնելու մտադրության մասին:
Ընդդիմության մի մասն ավելի վաղ կոչ էր արել էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին հրաժարվել ռուսական գազից, սակայն Կալաձեն հայտարարել է ձմռան ամիսներին գազի պակասուրդի մասին ու նշել, որ ռուսական գազից հրաժարումը կարող է բացասաբար ազդել Վրաստանի բնակչության վրա: