
ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 6300 չվերթ

Նվազագույնը 9 մարդ է զոհվել ԱՄՆ-ի արևելյան հատվածում ավտովթարների հետևանքով, որոնց պատճառը եղել է ձնաբուքն ու մերկասառույցը, հայտնում է Associated Press-ը:
Հյուսիսային Կարոլինայում մի կին զոհվել է մեքենայով ձորը գլորվելու հետևանքով, ևս մեկ կին դարձել է ավտովթարի զոհ սառցակալած ճանապարհով երթևեկելիս: Թեննեսի նահանգում ևս մահվան պատճառ են դարձել ավտովթարները: Մահացու ելքով ավտովթարներ են գրանցվել նաև Վիրջինիայում ու Քենտուքիում:
Փոթորիկն ստացել է «Ջոնաս» անվանումը: Հիդրոօթերևութաբանների կանխատեսումներով՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կտեղա մինչև 75 սմ ձյուն, իսկ քամու արագությունը կկազմի 80կմ/ժ:
ԱՄՆ արևելյան ափին փակ են օդանավակայանները, չեղյալ է հայտարարվել ավելի քան 6300 չվերթ:
Տեղացիները շտապում են խանութներ մթերք գնելու՝ մտավախություն ունենալով, որ խանութները մոտակա ժամերին անհասանելի կլինեն:
Վաշինգտոնում նման ուժգնության փոթորիկ տեղի է ունեցել 1922 թվականին: