
Երևանում ավտոմեքենա է շրջվել. մեկնել է մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբ

Հունվարի 23-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, ներսում կան արգելափակված քաղաքացիներ, և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի 109 LS 62 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Զ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1993 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհին թափված վառելիքի լվացման աշխատանքներ: