Խորհրդարանը Տաջիկստանի նախագահին թույլատրել է անվերջ վերընտրվել
Տաջիկստանի խորհրդարանը հունվարի 22-ին հավանության է արժանացրել երկրի Սահմանադրության փոփոխությունները, որը թույլ է տալիս երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին ընտրվել անսահմանափակ քանակությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ընդունված փոփոխությունները նաև նվազեցնում են տարիքը, որը հարկավոր է երկրի նախագահ ընտրվելու համար՝ 35-ից մինչև 30: Դա թույլ կտա Ռահմոնի ավագ որդուն առաջադրվել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում, երբ կլրանա նրա 33 տարին:
Օրենքն ուղարկվել է երկրի Սահմանադրական դատարան, ինչից հետո կհրավիրվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Հիշեցնենք, որ անցած ամիս Տաջիկստանի խորհրդարանը հաստատել է «Խաղաղության և միասնության հիմնադրի ու ազգի առաջնորդի մասին» օրենքը, որը պաշտոնապես երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին հռչակում է տաջիկների ցմահ առաջնորդ:
Մինչ այդ, ընդդիմադիրները ենթադրում են, որ նոր օրենքը ընդամենը հերթական քայլն է երկրի նախագահին ցմահ նախագահ հայտարարելու ուղղությամբ:
63-ամյա Ռահմոնը 1992 թվականից Տաջիկստանի նախագահն է: