«Ցանկացած քաղաքական համագործակցություն ժամանակավոր բնույթ է կրում». Գագիկ Մելիքյան
«ՀՀԿ-ն ու դաշնակները դեռևս կոալիցիոն գործընկերներ չեն: Ընդամենը հանդիպում է եղել ՀՀԿ և Դաշնակցություն կուսակցությունների ղեկավարների միջև, սակայն համագործակցության տարբերակները դեռևս քննարկվում են»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն խոսքերը, թե ՀՀԿ-ին գործիքներ են պետք, որ ավյուն ու նոր լիցքեր ստանա իր հանցավոր խմբակը պահպանելու համար, Գ. Մելիքյանը պատասխանեց, որ վաղուց չի ցանկանում մեկնաբանել ընդդիմադիր իր գործընկերուհու ասածը, «քանի որ նրա խոսքերն իրականությունից հեռու են».
«Ոչ ոք չի հայտարարել, թե կոալիցիաներ պետք է լինեն, ընդամենը գնում են հանդիպումների, վարվում են զրույցներ քաղաքական ուժերի միջև, ինչը նորություն չէ: Որոշում դեռևս կայացված չէ, քանի որ տեղի են ունեցել միայն հանդիպումներ, որոնց արդյունքները հստակեցված չեն: ՀՀԿ-Դաշնակցություն կոալիցիա ստեղծելը չի քննարկվել ՀՀԿ խորհրդի նիստում: Քաղաքական համագործակցության նպատակը երկրում քաղաքական կայունության ապահովումն է, որն իր հետևից կբերի տնտեսական կայունություն, և այդ ժամանակ կստեղծվի համագործակցության լայն հնարավորություն քաղաքական ուժերի համար»:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն վստահում է այն քաղաքական ուժերին, որոնք փորձում են համագործակցության կոչով հանդես գալ, նպաստել քաղաքական կայունությանը, իսկ մնացածը կերևա իրենց կողմից կատարված աշխատանքների ընթացքում. «Ցանկացած քաղաքական համագործակցություն ժամանակավոր բնույթ է կրում: Դրանք լինում են համագործակցություններ ընտրություններից առաջ, կոալիցիաների ձևավորում ընտրություններից առաջ և ընտրություններից հետո՝ մինչև հաջորդ ընտրություն: Մենք վստահում ենք մեր ծրագրերին, մեր գործերին, մեր կողմից կատարվող աշխատանքներին, և, եթե որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական ուժի նպատակներ, ծրագրային հիմնադրույթներ նույնպես բխում են մեր քաղաքական ուժի ծրագրային հիմնադրույթներից, և ցանկություն կա համատեղ իրագործելու դրանք առաջիկայում, այո, մենք վստահում ենք այդ քաղաքական ուժին ու պատրաստ ենք աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ»:
Հարցին` Դաշնակցության ծրագրային 7 կետերի մեջ էր մտնում հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է նման քայլի, Մելիքյանը պատասխանեց, որ դաշնակների ներկայացրած 7 կետերից որոշներն արդեն իսկ իրագործել են նախկին քաղաքական ժամանակաշրջանի ընթացքում, իսկ մյուսները շարունակվում են. «Ես ողջունում եմ այն, որ Դաշնակցությունը համառորեն գնում է իր քաղաքական հայտարարությունների իրագործման հետևից: Ցանկացած քաղաքական ուժի (նաև՝ ընդդիմադիր) քաղաքական նպատակը պետք է լինի իրենց ծրագրերի համապատասխանեցումն իշխանական քաղաքական ուժի ծրագրային հիմնադրույթներից, դա իրենց գործը բավականին կհեշտացնի, ու կարծում եմ, որ Դաշնակցությունը ճիշտ ճանապարհ է բռնել: Որևէ հարցի նախապայման մեզ համար անընդունելի է, քանի որ մեր ծրագրերը բխում են մեր պետության շահերից ու վեր են կուսակցական շահերից»: