Բաժիններ՝

Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը պահանջում է գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հեռացումը

Կամերային երաժշտական թատրոնում կրկին խռովություն է հասունացել: Թատրոնի անձնակազմը հստակ որոշում է ընդունել՝ չի շարունակելու աշխատանքները գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ: Ասում են՝ թատրոնը պարապուրդի է մատնվել, նոր ներկայացումներ չեն բեմադրվում, գլխավոր ռեժիսորը լեզու չի գտնում ո´չ սեփական ամբիցիաների, ո´չ թատրոնի ողջ անձնակազմի հետ: Բանը հասել է նրան, որ թատրոնում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտն արդեն անտանելի է այն աստիճան, որ գլխավոր ռեժիսորն անգամ չի ողջունում թատրոնի դերասաններին, նրանց միջև ցանկացած կոնտակտ այլևս խզված է:

Մշակույթի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ երեկ կեսօրին թատրոնի դերասանական անձնակազմը, մի մարդու պես, այցելել է Մշակույթի նախարարություն և հանդիպում խնդրել գերատեսչության ղեկավարից՝ պարզաբանելու ստեղծված իրավիճակը: Բնականաբար, նախարար Հասմիկ Պողոսյանը նրանց անձամբ չի ընդունել, փոխարենը՝ նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նույն օրն այցելել է թատրոն՝ տեղում հասկանալու ստեղծված իրավիճակի լրջությունն ու հնարավոր ելքերը, եթե, իհարկե, դրանք կան:

Ասում են նաև՝ օրերս նախարարն անձամբ ընդունել է թատրոնի խռովարարին՝ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին, իսկ թե ի՞նչ հունով է ընթացել նրանց առանձնազրույցը, դեռևս հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Արմեն Մելիքսեթյանի մասնակցությամբ սա բնավ առաջին նմանօրինակ միջադեպը չէ նույն թատրոնի ներքին կյանքում: Նախորդ պատահարը, որ մոտավոր 2006 թվականին էր, ավարտվեց նրանով, որ նույն նախարարը վերջինիս, տնօրեն Լևոն Աբրահամյանի հետ միասին, հեռացրեց թատրոնից: Ա. Մելիքսեթյանը խիստ վիրավորված ու սրտնեղած լքեց Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը և միայն վերջերս նշանակվեց նույն թատրոնում՝ որպես գլխավոր ռեժիսոր: Ասում են նաև, որ այս պարագայում ևս Հասմիկ Պողոսյանն առաջնորդվել է հայտնի հովանավորյալ Արմեն Սմբատյանի ուղղորդմամբ՝ աջակցելով խնդրահարույց ու կոնֆլիկտային Արմեն Մելքսեթյանի վերադարձին:

Մշակույթի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ այս անգամ տիկին Պողոսյանը վճռական է տրամադրված, և որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավորինս բազմակողմանի քննարկման և օպտիմալ լուծման ելքեր ստանա, նա ընթացիկ ամսվա վերջին Մշակույթի նախարարությունում գեղարվեստական խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու միջադեպը, որ ոտքի է հանել մի ամբողջ թատրոնի անձնակազմին:

Կարդացեք նաև

168.am-ը կապ հաստատեց Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ՝ լսելու նրա տեսակետը ստեղծված իրավիճակի շուրջ: Մեր հետախոսազանգը պարոն Մելիքսեթյանի հետ տևեց շատ կարճ և վերջինիս կողմից կտրուկ շեշտադրումով.

Պարոն Մելիքսեթյան, մեզ հայտնի է, որ Կամերային երաժշտական թատրոնի ներսում խմորումներ են տեղի ունենում, մասնավորապես՝ աշխատակազմը հրաժարվում է շարունակել համագործակցությունը Ձեզ հետ: Կարո՞ղ եք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

– Ո´չ: Նման ցանկություն ես այս պահին չունեմ, որովհետև հստակ տեղեկություն չունեմ, թե ինչ է կատարվում:

Ինչպե՞ս չունեք, եթե մի ամբողջ թատրոնի անձնակազմ պահանջում է Ձեր հեռացումը, իսկ մենք հավաստի տեղեկատվություն ունենք այն մասին, որ Դուք օրերս այս թեմայով նույնիսկ Մշակույթի նախարարի հետ եք առանձնազրույց ունեցել:

– Հարգելի օրիորդ, իսկ ի՞նչ պարտադիր է, որ ես այս մասին տեղեկություն կամ մեկնաբանություն տամ լրատվամիջոցներին:

Լավ, դա, իհարկե, Ձեր իրավունքն է, պարոն Մելիքսեթյան, շնորհակալություն մեր զանգին պատասխանելու համար:

– Խնդրեմ:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս