Ցրտահարված ոտքերով վանաձորցի 4-ամյա աղջնակի ծնողները որոնվում են. նրան ու եղբորը կարող են հանձնել մանկատուն. news.am
2015թ. նոյեմբերին NEWS.am-ն անդրադարձել էր վանաձորցի 4-ամյա աղջնակի պատմությանը, որի ոտքերը ցրտահարվել էին չտաքացվող տնակում, որտեղ նա եղբոր հետ բնակվում է տատիկի խնամքի տակ։
Աղջնակին հիվանդանոցում խնամում էր տատը՝ Մարիետան: Աղջնակի ցրտահարվելու մասին լուրը շատ արագ տարածվեց, շատերը ցանկություն հայտնեցին օգնել ընտանիքին։ Խնդրի մասին տեղեկացան նաև Վանաձորի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովում, եւ սկսեցին զբաղվել այդ ընտանիքով։
Պարզվում է, որ երեխաների տատը՝ Մարիետա Ամիրյանը, դեռ 2015թ. սկզբին դիմելով խնամակալության հանձնաժողով, մեկ տարով՝ մինչ տարվա ավարտը խնամակալության իրավունք է ստացել 5-ամյա տղա թոռնիկի նկատմամբ, իսկ աղջնակի նկատմամբ խնամակալություն չի ձևակերպվել:
Հանձնաժաղովի անդամները հարևաններից ու քաղաքի հասարակական կազմակերպություններից մեկից ահազանգեր են ստացել, որ տատը երկու երեխայի միջև խտրական վերաբերմունք է ցուցաբերում, աղջիկ երեխայի նկատմամբ պատշաճ խնամք չի ցուցաբերում, երեխան սոված է մնում, նրա նկատմամբ բռնություն է կիրառվում:
Հանձնաժողովի անդամներն այցելել են ընտանիքին:
«Կեսօրին, երբ հանձնաժաղովի անդամներով տնայց կատարեցինք, աղջիկ թոռնիկը սոված սառը վառարանի կողքին նստած էր, իսկ տղա երեխան հագուստով տաք անկողնում պառկած էր: Քաղաքապետարանն այդ օրերին փայտով աջակցել էր ընտանիքին, իսկ այդ ժամին տատը դեռ վառարանը չէր վառել: Բռնության փաստը չենք արձանագրել, բայց այն, որ վերաբերմունքը խտրական էր, հանձնաժողովն այցի ժամանակ համոզվեց»,- NEWS.am–ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը:
Հանձնաժողովի անդամները փորձել են տատից ճշտել երեխաների ծնողների տեղը, սակայն վերջինը հրաժարվել է որևէ տեղեկատվություն տրամադրել այդ մասին:
«Եթե ծնողները հրաժարվեն երեխաներին վերցնել, բնականաբար, երեխաները տատի մոտ չեն մնա: Արդեն հանձաժողովի ձևավորված կարծիքն ունենք, որ այդ դեպքում նրանք կտեղափոխվեն խնամակալական հաստատություն, ամենայն հավանականությանբ՝ Վանաձորի մանկատուն»,– ասել է հանձնաժողովի քարտուղարը:
Մանրամասներն` այստեղ