Կանխարգելիչ և բուժական աշխատանքները շարունակվում են. իրավիճակը կայուն է. ԱՆ
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։
Շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները: Ինչպես տեղեկացրել ենք, ստեղծված կայուն վիճակը պահպանելու նպատակով` հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգելու առաջարկով։
ՀՀ առողջապահության նախարարություն