Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016թ. ձմեռային նստաշրջանին (հունվարի 25-29) քննարկվելիք Ռ.Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և Մ.Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» բանաձևերի նախագծերի վերաբերյալ հայաստանյան  մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերը նշված բանաձևերի նախագծերի առնչությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունները.

  • համոզմունք են հայտնում, որ բանաձևերի նախագծերի պատրաստման և քննարկման ամբողջ ընթացքում (թեմաների սահմանումից և զեկույցների պատրաստման գործընթացից մինչև հանձնաժողովներում քննարկում և նախագծերի հաստատում) տեղի են ունեցել Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաքելության, նպատակների, հռչակված սկզբունքների և ընթացակարգերի բազմաթիվ խախտումներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների (անկախ քաղաքական ճանաչումից) կամ քաղաքացիական հասարակության ներկայացված չլինելն իրենց ճակատագրին և առօրյային առնչվող խնդիրների քննարկմանը ոտնահարում է ԼՂՀ քաղաքացիների և ողջ ազգաբնակչության իրավունքները, ինչը որևէ կերպ չի համապատասխանում ԵԽ (մասնավորապես՝ԵԽԽՎ) առաքելությանը:
  • փաստում են, որ ԵԽԽՎ-ն երբևէ չի ունեցել և չունի հակամարտությունների կարգավորման, քաղաքական լուծումների որոնման, միջնորդական գործունեության առաքելություն: Բնականաբար, չունի նաև նման փորձ: Հետևաբար, այն հանգամանքը, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը պարունակում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող դրույթներ (այն էլ իրականությունը խեղաթյուրող և միակողմանի), մենք դիտարկում ենք որպես խտրական վերաբերմունք Ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ, որը որևէ կերպ չի կարող կառուցողական նշանակություն կամ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում:
  • վստահություն են հայտնում, որ ԵԽԽՎ գործընկերները տեղյակ են, որ գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող մարմին` ի դեմս ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության, որն իրականացնում է բանակցային գործընթացի միջնորդությունը: Այն փաստը, որը այս բանաձևերի նախագծերի համար հիմք ծառայած զեկույցները մշակվել են առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խորհրդակցության և նրանց մոտեցումները հաշվի առնելու, ուղղակիորեն ապացուցում է, որ զեկուցողների և զեկույցների իրական նպատակը որևէ առնչություն չունի հակամարտությունների կարգավորման գործընթացին աջակցություն ցուցաբերելու հետ:
  • համոզմունք են հայտնում, որ ԵԽ-ն և մասնավորապես ԵԽԽՎ-ն կարող են իրենց դրական ներդրումն ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրենց առաքելության շրջանակներում: Օրինակ՝ այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների շուրջ երկխոսության ապահովման հարցում՝ թե՛ ներկայումս, թե՛ հետկոնֆլիկտային շրջանում (այդ գործընթացում ներառելով նաև ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտներին):
  • հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը Հայաստան-Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Ադրբեջան սահմաններին, մարդկային զոհերը, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում և ծանր զինտեխնիկայի կիրառումը շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և կոշտ ու ապակառուցողական պահվածքը բանակցային գործընթացում՝ վստահություն են հայտնում, որ այս բանաձևերի նախագծերն ընդունվելու դեպքում խրախուսող գործոն են դառնալու Ադրբեջանի նման կեցվածքի համար՝ արդյունքում վտանգելով նորանոր մարդկային կյանքեր:

Ելնելով վերը նշվածից՝ այս հայտարարությունը ստորագրած հասարակական կազմակերպությունները  կոչ են անում.

ԵԽԽՎ պատգամավորներին՝

  •  «ԴԵՄ» քվեարկել այս բանաձևերի նախագծերին՝ նկատի ունենալով, որ հակառակ դեպքում նրանք պատասխանատվություն են ստանձնում Ադրբեջանի հռետորաբանություն կոշտացման և սահմանային լարվածության աճի, այդ թվում մարդկային զոհերի համար,
  • անկախ այս բանաձևերի նախագծերի քննարկումներից և քվեարկության արդյունքներից՝ նախաձեռնել ԵԽԽՎ բարեփոխման գործընթաց, որը հետագայում հետ կպահի կառույցն ինչ-ինչ երկրների քաղաքական նկրտումների համար գործիք ծառայելուց և թույլ չի տա դուրս գալ իր առաքելության շրջանակներից:

Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական ուժերին`

  • շարունակել եվրաինտեգրման ուղղությամբ ակտիվ և նախաձեռնող քայլերն ու գործողությունները,
  • քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարելավման ուղղությամբ,
  • շարունակել և զարգացնել ակտիվ ներգրավումը ԵԽ (մասնավորապես ԵԽԽՎ) օրակարգում, այդ թվում՝ գործընկերների հետ նախաձեռնելով ԵԽԽՎ բարեփոխումների գործընթաց:

Արագածի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբ (ՀԵՆԱ)
«Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Խաչակիր» մշակութային ՀԿ
« «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ
«Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
«Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ
«Հավաստի տեղեկատվություն» քաղաքացիական նախաձեռնություն
«Հիմք» բարեգործական, բնապահպանական ՀԿ
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
«Մաքուր էներգիա» զարգացման ՀԿ
«Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ
Պետական գործիչների երիտասարդական դպրոց ՀԿ
«Պրոգրես» ՀԿ
«Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն» ՀԿ
«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
«Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» ՀԿ
«Քաղաքացիական և իրավական կրթություն» ՀԿ

 

Երևան, 21 հունվարի 2016

 

Տեսանյութեր

Լրահոս