Պետերբուրգում գրիպի համաճարակ է սկսվել, գերակշռում է խոզի գրիպը

Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարվել է գրիպի համաճարակ սկսվելու մասին, հայտնում է TASS-ը: Գրիպի մասնաբաժինը քաղաքում բոլոր տեսակի շնչառական հիվանդությունների թվում հունվարի 20-ի դրությամբ ավելացել է մինչև 80%:

Համաճարակային շեմը գերազանցվել է 28%-ով, գրիպով առավել հաճախ հիվանդանում են 3-6 տարեկան երեխաները: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանության վերահսկողության բաժնի վարիչ Իրինա Չխինջերիան:

«Համաճարակային շեմը միջինը քաղաքում գերազանցվել է 28%-ով, մեծահասակների մոտ հիվանդացությունը ցածր է, 3-6 տարեկան երեխաների մոտ՝ բարձր: Փոխվել է շնչառական վիրուսային վարակների կառուցվածքը՝ գրիպի մասնաբաժինը հասել է 80%-ի: Գրիպի՝ լաբորատոր կերպով հաստատված 260 դեպքերի 60%-ը H1N1 խոզի գրիպն է»,- ասել է Չխինջերիան:

Սանկտ Պետերբուրգում կարանտին դեռ չի սահմանվել: Քաղաքում պատվաստվել է 1,5 մլն մարդ, ինչը կազմում է բնակության մեկ երրորդը:

«Ռոսպոտրեբնադզորը» նախազգուշացնում է, որ գրիպով վարակումը հնարավոր է կանխել՝ սահմանափակելով մարդաշատ վայրեր այցելությունները, այդ թվում՝ ուղևորությունները հասարակական տրանսպորտով, հարկավոր է կրել պաշտպանիչ շնչադիմակներ:

Տեսանյութեր

Լրահոս