Ռուսաստանում գրիպից 27 մարդ է մահացել
Գրիպի հետևանքով առաջացած բարդություններից Ռուսաստանում այս տարվա սկզբից ի վեր մահացել է 27 մարդ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Յակովլևան:
«Հունվարի 18-ի դրությամբ գրիպից մահացածների թիվը 27 է: Հիմնականում նրանք պատկանում են ռիսկի խմբին, ովքեր չեն պատվաստվել, ինչպես նաև մարդիկ են, ովքեր ուշ են դիմել բժշկական օգնություն ստանալու համար»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերում է TASS-ը:
Վերջինս հայտնել է, որ գրիպի պատճառով առաջացած բարդություններից առավել շատ են մահացել Սանկտ Պետերբուրգում:
Յակովլևայի խոսքով՝ ներկայում ՌԴ-ում տարածված գրիպի վիրուսը տարբերվում է նրանով, որ ախտահարում է վերին շնչուղիները, փոխում է արյան բաղադրությունը՝ ավելացնելով արյան մակարդելիությունն ու առաջացնելով թրոմբներ:
«Կարևոր է բուժումն սկսել առաջին օրերին հենց հակագրիպային դեղամիջոցներով»,- հիշեցրել է նա՝ խորհուրդ տալով զերծ մնալ ինքնաբուժությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան կոչ էր արել խուճապի չմատնվել Ռուսաստանում գրիպի պատճառով մահվան դեպքերի մասին տեղեկություններից: Նա հայտնել էր, որ գրիպի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ բժշկի դիմել:
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկի խոսքով՝ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը, հակավիրուսային դեղամիջոցները, որ վաճառվում են դեղատներում, ակտուալ են գրիպի շտամների դեմ, այդ թվում՝ AH1N1-ի դեմ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ-ում վիրուսային հիվանդությունների 42%-ը կազմում է խոզի գրիպը: