Թուրք ուժայինների կողմից սպանված քուրդ զինյալների թիվը գերազանցել է 600-ը
Թուրքիայի գլխավոր շտաբը երեկ հայտարարել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) 15 անդամի ոչնչացման մասին Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգի Ջիզրե քաղաքում ու Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում: Թուրքիայի հարավ-արևելքում սպանված քուրդ զինյալների ընդհանուր թիվը 2015թ. դեկտեմբերի կեսից մինչ օրս արդեն գերազանցել է 600-ը, հայտնում է RIA Novosoti-ն:
Թուրքական իշխանությունները 2015թ. դեկտեմբերին պարետային ժամ էին սահմանել Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում, մասնավորապես Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում, Շիրնակ նահանգի Ջիզրե ու Սիլոպի, Մարդին նահանգի Նուսայբին ու Դարգեչիտ քաղաքներում: Ջիզրեում ու Սուրում դեռ շարունակվում են զինված բախումները թուրք ուժայինների ու PKK-ի զինյալների միջև:
«PKK-ի 15 անդամ է ոչնչացվել Ջիզրեում, այդ քաղաքում օպերացիան սկսելուց ի վեր սպանվել է 352 զինյալ: 1 ահաբեկիչ սպանվել է Սուրում, օպերացիան սկսելուց ի վեր՝ 103 մարդ»,- ասված է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Նշվում է, որ PKK-ի զինյալներից առգրավվել են Կալաշնիկովի ինքնաձիգներ ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր: