«Մենք համաճարակից շատ հեռու էինք, անգամ համաճարակային բռնկումից էինք հեռու». սուր շնչառական վարակներից 18 մարդ է մահացել
«Այս պահին կտրուկ բարելավում է նկատվում: Մեր հիվանդների մոտ 99 տոկոսը ապաքինված, առանց որևէ առողջական խնդրի՝ դուրս են գրվում, և այցելությունների ընթացքում բարելավում է նկատվում պոլիկլինիկական ցանցում: Ինչ վերաբերում է դպրոցներում դասերին, այդ հարցն այժմ մշտադիտարկվում է՝ հաշվի առնելով, որ մենք մինչև ուրբաթ օրը դեռևս կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում միայն հանդես կգանք առաջարկով»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով սուր շնչառական վարակների վիճակի մասին: Նա ասաց, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը միշտ եղել է հիվանդանոցային ցանցում, իսկ հունվարի 13-ից՝ արդեն նաև պոլիկլինիկական ցանցում, տրվել է անվճար. «Չկա որևէ հիվանդ, ով կարիք է ունեցել և չի ստացել»: Արմեն Մուրադյանն ասաց, որ այս պահին ևս կա դեղամիջոցի համապատասխան պաշար, որն ըստ անհրաժեշտության՝ կարող են տրամադրել:
Արմեն Մուրադյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի, անկախ նրանից՝ դա պայմանավորված է գրիպի տեսակներո՞վ, թե՞ ոչ, ունենում ենք թոքաբորբերով ծանր հիվանդության դեպքեր, մի մասը բուժում ստանում է վերակենդանացման բաժանմունքներում, գրանցվում են նաև մահվան դեպքեր: Նրա խոսքով՝ մինչ այժմ մահվան 18 դեպք է գրանցվել: Առողջապահության նախարարն ասաց, որ մենք համաճարակից հեռու էինք անգամ այն ժամանակ, երբ դիմելիության ցուցանիշը բավական բարձր է եղել. «Միանշանակ ասում եմ՝ մենք համաճարակից շատ հեռու էինք, անգամ համաճարակային բռնկումից էինք հեռու»: Արմեն Մուրադյանն ասաց, որ համաճարակ հայտարարելու դեպքում փուլային գործողություններ են կատարվում:
Անդրադառնալով տեղեկություններին, որ Հայաստան մեծ քանակով հակաուռուցքային դեղամիջոցներ են ներկրվել, Արմեն Մուրադյանն ասաց, որ տեղեկություն է տարածվել, թե Հայաստանում ուռուցքներից մահացությունն առաջին տեղում է. «Դա բացարձակ սուտ է, և կան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված թվեր, և անգամ եվրոպական երկրների ցուցանիշները, որոնք 2004թ. հետո են դարձել Եվրամիության անդամներ, ավելի բարձր են, քան Հայաստանում, իսկ ինչ վերաբերում է դեղորայքին, այո, այդպիսի դեղորայք, որը շատ արդյունավետ է, Հայաստան ներկրվել է հումանիտար ճանապարհով և արդեն իսկ բոլոր ուռուցքաբանական հիվանդանոցներում բաշխում է կատարվել»: Արմեն Մուրադյանն ասաց, որ խոսքն «Ավաստին» դեղամիջոցի մասին է. «Շուրջ 1000, իսկ եթե ավելի հստակ՝ մենք արդեն իսկ 998 հատ վերաբաշխում ենք կատարել, և կարծում եմ, որ նա իր նպատակին պետք է հասնի»: