
ԼՂՀ Անկախության 25-ամյակին նվիրված՝ հոբելյանական կոնյակ կթողարկվի

Այս տարի համայն հայությունը տոնելու է Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակը:
Տոնի կապակցությամբ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի կառավարության և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» ու «Ստեփանակերտի կոնյակի գործարանի» միջև համագործակցությամբ, կթողարկվի տասը հազար շիշ՝ 25 տարեկան հոբելյանական կոնյակ:
Ըստ ԼՂՀ փոխվարչապետի գրառման՝ վաճառքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է ԼՂՀ պաշտպանության բանակի կարողությունների բարձրացմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրն ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից: