Բաժիններ՝

«Ստիպված դիմում ենք Ձեզ՝ ուղղելու համար մի մեծագույն սխալ, որը կարող է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար կործանարար լինել». Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ

Նախորդ տարին հայկական մշակութային կյանքը եզրափակեցինք Ալ. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սկիզբ առած աննախադեպ կառուցվածքային փոփոխություններով, որի արդյունքում Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում լուծարվեց գլխավոր դիրիժորի հաստիքը: Նվագախմբի երաժիշտները ոչ միայն անտեղյակ էին թատրոնի ներսում իրականացված նմանօրինակ փոփոխություններին, այլև պատրաստ չէին հրաժեշտ տալու սիրելի դիրիժորին:

Նրանք հանդես եկան անանուն բաց նամակով, որն ուղարկեցին 168.am կայքի էլեկտրոնային հասցեին, այնուհետև ամբողջ նվագախմբի քաջալերող ներկայությամբ ու ծափողջույններով արդեն նախկին գլխավոր դիրիժորը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որին մասնակցեցին նաև հայտնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ դատապարտելով թատրոնի ներսում իրականացվող միանձնյա կամայականությունները, հստակ մատնանշելով դրա արդյունքում Օպերային թատրոնին սպասվող անդառնալի ավերածությունները: Ինչևէ:

Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն իր պաշտոնից հեռացվեց դեռևս դեկտեմբերի 17-ին՝ ավելի քան մեկ ամիս առաջ: Նվագախմբի անդամների հաջորդ քայլը եղավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը:

168.am-ը ստորև ներկայացնում է ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի տեքստն ամբողջությամբ.

Կարդացեք նաև

«Գիտենալով հանդերձ Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածության մասին` ստիպված դիմում ենք Ձեզ՝ ուղղելու համար մի մեծագույն սխալ, որը կարող է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ստեղծագործական առումով կործանարար լինել: Անտեսելով աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում և հենց մեր Թատրոնում ընդունված ու իրեն բոլոր առումներով արդարացրած կարգը` որոշված է լուծարել Թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Քանի որ գլխավոր դիրիժորի առկայությունը պարտադիր է նվագախմբի երաժիշտների հետ ամենօրյա աշխատանքի, երաժիշտների մասնագիտական աճի, վերջիններիս ընտրության ու նվագախմբի ամբողջական և մշտական դեմքը պահպանելու համար, մենք խնդրանքով դիմել էինք Թատրոնի ղեկավարությանը և գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին՝ պահպանելու այդ պաշտոնը, սակայն մեր խնդրանքը մեզ համար բոլորովին անհասկանալի և ինչ-ինչ հեռահար նպատակներին ուղղված պատճառներով մերժված է:

Մեծարգո պարոն Նախագահ, չունենալով այլևս այլ հնարավորություն, քանի որ այդ հարցում, ըստ Մշակույթի նախարարության բռնած դիրքի՝ հարցը համարվում է լուծված, մեկ անգամ ևս թախանձագին խնդրանքով դիմում ենք Ձեզ՝ օգնելու վերականգնել արդարությունը և նվագախմբի հետագա հաջող գործունեության համար Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնին վերանշանակելու Կարեն Դուրգարյանին, ում հետ անցել ենք 15 տարիների երկար ճանապարհ:

Կից ներկայացնում ենք մեր ստորագրություններով Թատրոնի ղեկավարությանը և գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին ուղղված վերոհիշյալ դիմումի պատճենը»:

Նամակը ստորագրել են մի քանի տասնյակ երաժիշտներ:

Պատրաստեց՝ ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս