Վնասազերծված խմբի «անդամների» կալանքի ժամկետը կերկարացվի՞
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 2015թ. նոյեմբերին վնասազերծված խմբի ենթադրյալ անդամների կալանքի ժամկետը երկարարցնելու խնդրանքով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս օրերին կքննի միջնորդությունը: Քրեական գործի շրջանակներում կալանավորված աղջիկների կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը դատարանը կքննի վաղը:
Այս գործի շրջանակներում կալանավորված, ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանն էլ 168.am-ի զրույցում ասաց, որ Շիրխանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն բողոքի քննության օրը դեռևս հայտնի չէ: Փաստաբանն ասաց նաև, որ մի քանի օր առաջ տեսակցել է իր պաշտպանյալին, առողջական վիճակը նույնն է:
Ազգային անվտանգության ծառայությունը նշում է, որ բացահայտվել է հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Հունվարի 14-ին այս գործի շրջանակներում երբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: