
Ինչո՞ւ է նվազել հայ-իրանական առևտրաշրջանառությունը

ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը որակվում է որպես պատմական իրադարձություն: Փորձագետների կարծիքով՝ այն պետք է նպաստի նաև Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ավելացմանը: Ինչպիսի՞ն է իրավիճակն այս առումով:
Ազգային վիճակագրական ծառայությունը առայժմ հրապարակել է միայն 2015 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները: Ըստ այդմ՝ անցած տարվա 11 ամիսների ընթացքում ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը կազմել է 249 մլն 638.2 հազար դոլար, որը ՀՀ-ի ընդհանուր առևտրաշրջանառության 5.8%-ն է: Սակայն 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ հայ-իրանական առևտրի ծավալները նվազել են 5.3%-ով:
Թվում էր, թե անցած տարի ապրիլի 2-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակի» և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համաձայնագրի ձեռք բերումից հետո արդեն իսկ իրադրությունը պետք է փոխվեր և հայ-իրանական առևտրաշրջանառության աճ գրանցվեր: Սակայն, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունն անկում է ապրել 23%-ով, ապա այս հանգամանքը, գուցե, մի փոքր մեղմում է Իրանի հետ իրավիճակը: