
Հերմինե Նաղդալյանը վայր կդնի իր լիազորությունները

ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները: 168.am-ի տեղեկություններով՝ պատվիրակության նոր ղեկավար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այս փոփոխությունը տեղի կունենա հունվարի 25-ի ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանից հետո:
Հ.Նաղդալյանի հրաժարականի պահանջը հասունացավ անցած տարի նոյեմբերին, երբ ԵԽ ԽՎ հանձնաժողովներում հակահայկական երկու բանաձևերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից», ընդունումից հետո: Նաղդալյանը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալու:
«Առանց մտածելու, առանց որևէ անհանգստություն ցուցաբերելու: Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է այսպես դնել, որ ոչ միայն պատվիրակությունն է պարտավոր այս աշխատանքները կատարել, այլ նաև խորհրդարանի բոլոր անդամները, որոնք միջազգային հարթակներում աշխատում են, որոնք բարեկամական խմբերի շրջանակներում աշխատում են, տարբեր երկրների խորհրդարանականների հետ հանդիպումներ են իրականացնում»,- ասել էր Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի վերջին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության կազմում ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին փոխարինեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: