Բաժիններ՝

«Այն պահանջներն ու սկզբունքները, որոնք դրվում են մեր աշխատակարգում, բխում են հենց մեր համաքաղաքացիների շահերից». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նախորդ տարվա դեկտեմբերի և ողջ 2015թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում, որը ձևավորվում է շինարարության և բարեկարգման, կրթության, մշակույթի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, սեփական եկամուտների հավաքագրման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքում, 2015թ. առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: 2015թ. ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին հորիզոնականը զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանը: Ներկայացնելով դեկտեմբեր ամսվա ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ առաջին հորիզոնականն զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանները: 2015թ. դեկտեմբեր ամսվա գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում վերջին հորիզոնականը կրկին զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով տարեկան ցուցանիշներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է տարվա ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, ինչը նաև պետք է խթան հանդիսանա, որպեսզի բոլոր վարչական շրջանները ձգտեն իրենց կատարած աշխատանքով հայտնվել առաջին հորիզոնականներում:

«Այն պահանջներն ու սկզբունքները, որոնք դրվում են մեր աշխատակարգում, բխում են հենց մեր համաքաղաքացիների շահերից: Ուստի, մեր առջև դրված խնդիրներին պետք է այնպիսի լուծումներ տանք, որ վերջնարդյունքում մեր բնակիչները գոհ մնան կատարած աշխատանքից: Քաղաքային իշխանությունների համար առաջնայինը բնակիչների գնահատականն է, որն, անշուշտ, ամենաարդարացին է: 2016 թվականին ևս անելիքները շատ են, և մենք, մեր համատեղ ու ամենօրյա աշխատանքով պետք է անենք հնարավորը, որպեսզի դրանք ևս ամբողջությամբ կյանքի կոչվեն»,- ընդգծել է քաղաքապետը:

Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին Տարոն Մարգարյանը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները, որպեսզի ընթացիկ տարում աճ արձանագրեն իրենց ցուցանիշներում:

Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2015թ. դեկտեմբեր ամսվա գնահատման արդյունքները: Անդրադառնալով ընդհանուր առմամբ դրական գնահատված ցուցանիշներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին հորդորել է չբավարարվել գրանցած ցուցանիշներով և ամենօրյա հետևողական աշխատանք տանել դրանց բարելավման ուղղությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս