
Սիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ Թուրքիային մեղադրելով իր սահմանները խախտելու մեջ

Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդին ուղերձ է հղել՝ Թուրքիային մեղադրելով Սիրիայի սահմանների շարունակական խախտման մեջ:
«Էրդողանի ռեժիմի կողմից Սիրիայի սահմանները անդադար խախտելը ուղղակի ագրեսիա է, որը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որը տարածել են սիրիական լրատվամիջոցները:
«5 տարի շարունակ թուրքական ռեժիմը իրականացնում է ագրեսիվ ակցիաներ ընդդեմ Սիրիայի ու աջակցում է բանդիտական խմբավորումներին՝ նպաստելով իր տարածք աշխարհի տարբեր երկրներից ժամանած վարձկանների ներթափանցմանը»,- նշվում է փաստաթղթում:
Սիրիայի ԱԳՆ-ն պահանջել է Անկարայից անհապաղ դադարեցնել Սիրիայի ինքնիշխանության ու սիրիացի ժողովրդի դեմ ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել վերջ դնել թուրքական կողմի ագրեսիվ գործողություններին, որոնք սպառնում են նաև տարածաշրջանի ու ողջ աշխարհի անվտանգությանը: