Բաժիններ՝

Հայաստանում գործող երիտասարդ գյուտարարներն ու ռոբոտների հեղինակները խոստումնալից ձեռքբերումներ են գրանցում

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում երեք երիտասարդ գյուտարարներ՝ Անի Ասատրյանը, Լևոն Ասատրյանն ու Արշակ Խաչատրյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին իրենց գիտական ձեռքբերումների, ոլորտի խնդիրների, ինչպես նաև՝ հետագա ծրագրերի մասին:

Ասուլիսի բանախոսներից գյուտարար և ռոբոտների հեղինակ Անի Ասատրյանն ասաց, որ ինքն ու Լևոն Ասատրյանը քույր և եղբայր են: Անին 19 տարեկան է, դեռևս ուսանող, սովորում է ՀԱՊՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Անին պատմում է, որ իր առաջին քայլերի համար իրեն օգնել են դասախոսները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Անի Ասատրյանն ասաց, որ 2014-ին մասնակցել է «DigiCamp» (ԻՏՁՄ) ճամբար-մրցույթին՝ ներկայացնելով «Սահմանապահ Տուռելը», որն ավտոմատ կամ հեռակառավարվող ռոբոտ է, սահմաններում զինվորին փոխարինելու համար. «Սա հնարավորություն էր, որպեսզի ներկայացնեինք մեր գաղափարները՝ հետագայում դրանք դարձնելով Start-up բիզնես: Իմ առաջարկած գաղափարն այնքան էլ բիզնեսային բնույթ չուներ:

Դա սահմանում զինվորների համար ապահովության ռոբոտ էր, որ զինվորների փոխարեն՝ հսկում էր սահմանը, բացի այդ, քանի որ գաղափարը մասշտաբային էր և չէր համապատասխանում մրցույթի ստանդարտներին, մենք չիրականացրեցինք այն: Մենք շատ երկար էինք մտածում այն ուղղությամբ, թե ինչպես սա դարձնենք ռեալ նախագիծ, բայց հոկտեմբեր ամսին մենք իմացանք, որ Հայաստանում շատ ավելի արհեստավարժ գյուտարարներ արդեն իսկ նախագծել և ստեղծել են նման ռոբոտ, որն իրավացիորեն պետք է նշել, որ մեր ունեցած գաղափարի շատ ավելի կատարելագործված տարբերակն էր: Իրենք այդ նախագիծը սկսել էին շատ ավելի վաղ, և այն արդեն ներկայացված էր հոկտեմբեր ամսին կազմակերպված «Դիջիթեք Էքսպոյի» շրջանակներում: Ինչևիցե, մենք գուցե դեռ աշխատենք և կատարելագործենք մեր գյուտի հնարավորությունները, թեև հստակ է, որ դրա համար անհրաժեշտ են մեծ չափով ֆինանսական միջոցներ և կատարելագործված գիտելիքներ»,- ասաց Ա. Ասատրյանը:

Այժմ Անի Ասատրյանն աշխատում է «Այբ» դպրոցում՝ որպես Ռոբոտիկայի լաբորատորիայի լաբորանտ և վարիչի օգնական։ 2011-ից սկսած՝ Պոլիտեխնիկի վարժարանի խմբակին ներգրավված լինելով՝ մասնակցել է տարբեր մրցույթների և «DigitecExpo» ցուցահանդեսներին։ Ա. Ասատրյանը տեղեկացրեց, որ 2011-2013 թվականների ընթացքում տարբեր նշանակության ռոբոտներ է պատրաստել, որոնք ներկայացվել են «DigitecExpo»-ներին։ Դրանց մեջ է մտնում նաև տորթ կտրող ռոբոտը։
2013-2014 թվականների ընթացքում մասնակցել է ԻՏՁՄ-ի կազմակերպած «Ռոբոտներն Առօրյայում» գաղափարների մրցույթին թիմով, որի անդամ է նաև Լևոն Ասատրյանը, և գրավել են 3-րդ տեղը՝ ներկայացնելով Ապակի մաքրող ռոբոտ։

Կարդացեք նաև

2014թ․մասնակցել է «EcoRobot» (ԻՏՁՄ) մրցույթին և գրավել 2-րդ տեղը։ 2015թ․ մասնակցել է MIT համալսարանի և «Fab Foundation»-ի կողմից աշխարհով տարածված «FabLab»-երի Դիլիջանի կենտրոնական դպրոցի և Երևանի «Այբ» դպրոցի մեջ այդ լաբերի պատրաստման աշխատանքներին։

Երիտասարդ գյուտարար, ռոբոտների հեղինակ Լևոն Ասատրյանը 17 տարեկան է, ուսանող, սովորում է ՀԱՊՀ Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում։ Աշխատում է Երևանի կապի և հեռահաղորդակցման գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես «LabView» ծրագրավորող։ 2011-ից մինչև 2014թ. մասնակցել է նույն մրցույթներին, ինչ Անին։ Միայն այն տարբերությամբ, որ «DigiCamp»-ին ներկայացրել է ավտոմատ կառավարվող լցնովի պաղպաղակը «Ճպըզզզը» և գրավել 2-րդ տեղը. «Ի տարբերություն սահմանը հսկող «Սահմանապահ Տուռել» գաղափարի, որը չիրականացրեցինք, հիմա իրագործման փուլում է «Ճպըզզզ» անունով ավտոմատ կառավարվող լցնովի պաղպաղակի ռոբոտը: Կուզենայի նշել, որ այս ռոբոտի գաղափարն ամբողջապես իմը չի, մենք խմբով ենք աշխատել այս գաղափարի իրականացման ուղղությամբ:

«Ճպըզզզ» ռոբոտի ստեղծման հիմնական նպատակը բիզնես ուղղությունն է եղել: Ռոբոտի ֆունկցիան կայանում է նրանում, որ մարդու գործոնը բացառվի: Սա մարտկոցներով աշխատող, անընդհատ շարժվող ռոբոտ է, երեխաների համար շատ գրավիչ տեսքով, որ պաղպաղակ է մատուցում երեխաներին: Բիզնեսի տեսանկյունից սա նաև շատ շահավետ էր այն առումով, որ շատ քիչ ֆինանսական միջոցներ է պահանջում աշխատելու համար՝ միայն հոսանքի աղբյուր, իսկ մարտկոցները կթարմացվեին 4-5 ամիսը մեկ: Փաստորեն, ստացվում է, որ եթե գործատուն, որ ամսական 70. 000 – 80. 000 հազար դրամ է վճարում պաղպաղակ վաճառողին, մի անգամ գնում է «Ճպըզզզ» ռոբոտը ու սրանով զգալի չափով նյութական խնայողություններ կատարում»: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ռոբոտն այս պահին դեռ հանրային կիրառություն չի ստացել, Լևոն Ասատրյանն ասաց, որ իրենք չեն զբաղվել «Ճպըզզզի» գովազդային աշխատանքներով, և, բացի այդ, այս պահին կա ռոբոտի միայն մեկ օրինակ, մնացյալ օրինակները կլինեն ապագայում:

Արշակ Խաչատրյանը 18 տարեկան է, front-end ծրագրավորող է, ունի մոտ երեք տարվա աշխատանքային փորձ: Աշխատել է հայկական` «X-Tech», «BetConstruct», «360 Stories» ընկերությունների հետ: Ներկայումս աջակցում է «Google» ընկերության կողմից ստեղծված Polymer նախագծին, գրում է գիրք «Getting Started with Polymer» խորագրով և աշխատում է իր կողմից ստեղծված` «POP: website builder» պրոդուկտի վրա, այն 360 (VR) կայք պատրաստելու գործիք է. «Այս պահին ես համագործակցում եմ «Google» ընկերության» հետ, իրենց առաջարկած նախագծի հիման վրա ծրագրավորողների համար նախատեսված մասնագիտական բնույթի գիրք եմ գրում, որ կոչվում է՝ «Polymer»:

Այս գիրքը նախատեսված է լինելու նրանց համար, ովքեր կցանկանան սովորել «Getting Started with Polymer» ծրագրի գաղտնիքները: Այս տարի Ս. Նավասարդյանի հետ սկսել եմ աշխատել նաև մի նախագծի վրա, որ իրենից ներկայացնում է վիրտուալ իրականության վեբ կայք: Սրա հիմնական նկարագիրը հետևյալն է՝ մենք պատրաստում ենք վեբ կայքի յուզերներ: Այսինքն՝ ցանկացած օգտատեր, որ կմտնի այս կայք, հնարավորություն կունենա ազատորեն տեղաշարժվել այստեղ՝ իրականացնելով իր վեբ մտահղացումները: Նախատեսում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում արդեն թողարկել մեր այս նախագիծը»,- ասաց երիտասարդ գյուտարար Արշակ Խաչատրյանը, ով 2015 թվականին մասնակցել է «Kolba Lab»-ի կողմից կազմակերպած մրցույթին և AMP պրոյեկտը ներկայացնելով՝ հաղթել:

2016 թվականին Արշակը հրավեր է ստացել լինել «CSS Design Awards» կայքի ժյուրիների մեջ, ինչպես front-end-ում՝ որպես ծրագրավորող:

Ասուլիսի մասնակիցներն այս պահին, բացի սեփական տեխնոլոգիական նախագծերի ծրագրավորումից և իրականացումից, աշխատում են նաև դպրոցահասակ երեխաների հետ: Այս մասին լրագրողներին մանրամասներ ներկայացրեց բանախոս Անի Ասատրյանը. «Խմբակները տարբեր են, տարիքային և սեռային սահմանափակումներ չունենք: Երեխաների ներգրավվածությունը խմբակին բավականին բարձր ցուցանիշներ ունի: Նրանք հետաքրքրությամբ են մասնակցում դասընթացներին: Ամեն խմբակներում տասից ավելի աշակերտներ կան: Իրենց ունեցած բազային գիտելիքներից և տարիքից կախված՝ սովորում են տարբեր ծրագրեր, օրինակ՝ ամենափոքրերը սկսում են նրանից, որ փորձում են համակարգչային դիզայներական աշխատանքներ կատարել: Ավագ դպրոցի աշակերտները հնարավորություններ ունեն աշխատելու լաբորատորիաներում, հաստոցների հետ: Նրանք հնարավորություն ունեն իրենց ունեցած նախագծերը զրոյից հավաքել մեր լաբերում և ներկայացնել մրցույթներին, որին ցանկանում են մասնակցել: Խմբակները գործում են «Այբ» դպրոցի հիմնադրամի բազայի վրա: Խմբակների գաղափարն իմը չէ, ես պարզապես օգնում եմ վարիչին»,- ասաց Ա. Ասատրյանը:

Խոսելով մեր երկրում երիտասարդ գյուտարարների համար նախատեսված տեխնիկական և գիտական հնարավորություններից, ինչպես նաև՝ ապագա ծրագրերից, ասուլիսի բանախոս Լևոն Ասատրյանն ընդգծեց. «Այս առումով մեր երկրում հիմա շեշտը դրված է երիտասարդ տարիքի մասնագետներին այս ոլորտում ներգրավելու և կատարելագործելու ուղղությամբ, հատկապես՝ հանրակրթական դպրոցների վրա: Ուսանողների համար ևս հիանալի հնարավորություններ կան, և դրան նպաստում են ոչ միայն մասնագիտական բուհերը, այլև որոշ թվով մասնավոր կազմակերպություններ: Սահմանները շատ լայն են և հնարավորությունները ևս՝ կատարելագործելու համար սեփական գիտելիքների մակարդակն ու աշխատանքի որակը»:

Երիտասարդ գյուտարար Անի Ասատրյանն այս առումով հավելեց. «Եթե ներուժի մասին խոսենք, ապա միանշանակ պետք է նշենք, որ մենք մեծ ներուժ ունենք մեր ներսում: Պետք է պարզապես հասկանալ՝ ինչպես զարգացնել այդ ներուժը: Դրա համար ամենահարմար տարբերակը, հատկապես՝ սկսնակների պարագայում, մրցույթներին մասնակցելն ու այդ ճանապարհով քիչ-քիչ առաջ գնալու տարբերակն է, որը նկատելիորեն մեծացնում է նաև գրանտներ ստանալու հավանականությունը: Գործատուները տեսնում են, որ դու արդեն իսկ որոշակի նախապատրաստական աշխատանքներ ես կատարել, քո առաջարկած նախագիծն արդեն իսկ հավանության է արժանացել որևէ ընկերության կողմից, և դու արդեն այն ներկայացնում ես ոչ միայն՝ քո անունից, այլև՝ թիմի ներգրավվածությամբ, և սա անխոս զգալի առավելություն է՝ հատկապես սկսնակների համար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս