«Սա արդեն ձախողում է և պարտադրանք Հայաստանի նկատմամբ». Լևոն Զուրաբյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով արտաքին քաղաքական զարգացումներից՝ նշեց, որ հունվարի 26-ին ԵԽ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանում քննարկման դրվելիք առաջին բանաձևերը լինելու են «չարաբաստիկ երկու բանաձևերը». «Մեկը Ռոբերտ Ուոլթերի զեկույցն է՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով, մյուսը՝ Նիկոլիչի՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցն է: Շատ վտանգավոր զեկույցներ են, քանի որ առաջին անգամ միակողմանի զեկույցներ են լինելու, ավելին՝ Ռոբերտ Ուոլթերի զեկույցում խոսվում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների մասին: Ուոլթերի զեկույցում ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող առաջարկներից ելնելով՝ անիմաստ է բանակցելը: Սա արդեն ձախողում է և պարտադրանք Հայաստանի նկատմամբ, ինչն անընդունելի է»:
Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում այս խնդիրը լուծել, որովհետև չունեն այդ բարոյականությունը, ինտելեկտուալ պոտնեցիալը: Նրա կարծիքով՝ դա կապված է արտգործնախարարության, նախագահի, նախագահի աշխատակազմի հետ. «Մենք ադեկվատ դիվանագիտություն չունենք: Ի՞նչ է նշանակում դիվանագիտություն Ստրասբուրգում: Ցավոք սրտի, մեր իշխանություններն ու պատվիրակությունները չեն հասկանում, որ պետք չէ գնալ այնտեղ և «քլնգել» Ադրբեջանի իշխանություններին, իրենց պրիմիտիվ պրոպագանդայով պատասխանել Ադրբեջանի պրոպագանդային:
Այդ պրիմիտիվ քննադատությունը վնաս է հասցնում հենց Հայաստանին ու Ղարաբաղին: Նպատակն այն է, որ բանաձևը չընդունվի, չեն հասկանում, որ ԵԽԽՎ-ի աշխատանքի գլխավոր արդյունքը բանաձևի վրա աշխատանքն է: Ադրբեջանցիներին հայհոյելը հակառակ արդյունքն է տալիս: Այս ձևակերպումների դեմ պետք է խոսել եվրոպացիներին հասկանալի լեզվով: Առաջին հերթին պետք է բացատրել, որ այսպիսի բանաձևերի ընդունումը վնասակար է բանակցային պրոցեսի համար»: