«Մինչ հանրաքվեի ձեռնակումը Սերժ Սարգսյանը կանգնած էր ընտրության առջև». Լևոն Զուրաբյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանը թուլացած է: Ըստ նրա՝ մինչ հանրաքվեի ձեռնակումը Սերժ Սարգսյանը կանգնած էր ընտրության առջև. պահպանելով գործող Սահմանադրությունը՝ իշխանությունը կորցնել և անցում կատարել պառլամենտական համակարգին, պահպանել իշխանությունը, բայց ավելի թուլացած:
Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի մշակման առումով Սերժ Սարգսյանն ընկել է դժվար կացության մեջ. «Հանրաքվեից հետո միջազգային հանրությունը շատ լուրջ ուշադրություն է դարձնելու ընտրական գործընթացներին: Մենք արդեն մեր ասելիքն ասել ենք: Մենք ներկայացրել ենք 4 կարևորագույն սկզբունք, որը պետք է ներառվի Ընտրական օրենսգրքում: Բոլորս գիտենք, որ ՀՀ-ում ընտրությունները կեղծվում են, շատ կարևոր են այնպիսի մեխանիզմներ ստեղծվեն, որ ընտրությունները մաքուր լինեն՝ անկախ նրանից, թե ինչ համակարգ է երկրում գործում։ Մեր կոչն է իշխանություններին՝ չշեղել խնդիրը բուն նպատակից Այս պահին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներ չկան: ԸՕ-ով պետք է սահմանվի, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում տեղադրվի «վեբ տեսախցիկ» ու լինի օնլայն թողարկում, որպեսզի ցանկացած մարդ տեսնի՝ ինչ է կատարվում ընտրատեղամասում: Այս դեպքում այլևս հնարավոր չի լինի կեղծել ընտրությունները: Նաև՝ պետք է ընտրություններից հետո կախվեն ցուցակները, ու հնարավոր լինի բացել ընտրաթերթիկները ու ստուգել»:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականին, նա նշեց, որ նախ ԱԺ նախորդ նստաշրջանում տեղի ունեցավ հարձակում Կարեն Անդրեասյանի վրա, որին հաջորդեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարձակումը. «Եվ եթե սրան գումարենք իշխանությունների դժգոհությունները Կարեն Անդրեասյանի դատական համակարգի վերաբերյալ զեկույցի առնչությամբ, Կարեն Անդրեասյանի դերակատարությունը հանրաքվեի ժամանակ, հրաժարականի վերաբերյալ որևէ բացատրություն չտալը, գալիս ենք եզրակացության, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել իշխանության ճնշման ներքո»: