
«Ես այստեղ ինձ հանգիստ կզգամ». Վալերի Պերմյակով

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Նիստը բացելով՝ դատավոր Հարություն Մովսեսյանը խնդրեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովին ցույց տալ ձեռքերը: Նշենք, որ դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու վերաբերյալ միջնորդության մեջ Արթուր Սաքունցը, ով ներկայացնում է Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդ հոր՝ Անդրանիկ Պողոսյանի շահերը, նշել էր, որ Վալերի Պերմյակովի ձեռքերը շղթայված են:
Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ պետք է ապահովվի պաշտպանական իրավունքը և անվտանգությունը պետք է երաշխավորվի: Անդրադառնալով Վալերի Պերմյակովին՝ վանդակում պահելու փաստին, պաշտպանն ասաց, որ դա համարվում է Եվրոպական կոնվենցիայի խախտում, այդ առումով վերջնական որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել Վալերի Պերմյակովի դիրքորոշումը:
«Ես այստեղ ինձ հանգիստ կզգամ»,- Վալերի Պերմյակովի խոսքերը փոխանցեց թարգմանիչը: Մեղադրող Գևորգ Գևորգյանը, կարծիք հայտնելով միջնորդության մասին, ասաց, որ արտագնա նիստ անցկացնելու պարագայում որևէ մեկի իրավունքը չի խախտվում, դրա համար որևէ խոչընդոտ չկա:
Դատավորը որոշեց մերժել միջնորդությունը՝ նշելով, որ իր որոշումը փոխելու հիմքեր չկան, իսկ որոշման մեջ նշված են պատառաբանությունները: «Ամոթ»,- արձագանքեցին դահլիճից:
Արթուր Սաքունցը խնդրեց բացարկի միջնորդություններ ներկայացնելու համար իրենց ժամանակ տրամադրել: Դատական նիստն ընդմիջվեց 30 րոպեով: