Իրանը նոր էջ է բացում աշխարհի հետ իր հարաբերություններում. Իրանի նախագահ
Իրանը նոր էջ է բացում աշխարհի հետ իր հարաբերություններում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելուց հետո:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարեց Թեհրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող բոլոր պարտավորությունների կատարման մասին: Դրա հետ կապված՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հանել են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Ինչպես հայտարարել է Իրանի նախագահը, ձեռք բերված համաձայնագիրը չի վնասի ոչ մի երկրի:
Բազմաթիվ արևմտյան երկրների կառավարություններ ողջունել են պատժամիջոցների չեղարկումը: Միևնույն ժամանակ, Իսրայելը պնդում է, որ Իրանը նախկինի պես մտադիր է միջուկային զենք ստանալ:
Հասան Ռոուհանին հայտարարել է, որ աշխարհում բոլորն ուրախ են ձեռք բերված համաձայնության կապակցությամբ, բացի սիոնիստներից ու տարածաշրջանում պատերազմ հրահրողներից, այսինքն՝ Իսրայելից ու ԱՄՆ Կոնգրեսում կոշտ դիրքորոշման կողմնակիցներից:
«Մենք՝ իրանցիներս, ձեռք ենք մեկնել աշխարհին՝ ի նշան խաղաղասիրության՝ անցյալում թողնելով թշնամանքը, կասկածանքն ու սադրանքները ու նոր էջ բացելով Իրանի՝ աշխարհի հետ հարաբերություններում»,- հայտարարել է Ռոուհանին երեկ Իրանի ժողովրդին ուղղված իր հեռուստատեսային ելույթում:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների չեղարկումը շրջադարձային կետ է դարձել իրանական տնտեսության համար: Միաժամանակ, նա ընդգծել է, որ այն պետք է ավելի քիչ կախված լինի նավթային եկամուտներից:
Եվրամիության կողմից պատժամիջոցների չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնի անմիջապես, երբ հրապարակվի ԵՄ-ի պաշտոնական ամսագրում:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ չեղարկվելու են այն պատժամիջոցները, որոնք սահմանել են ինչպես ԵՄ-ի, ինչպես էլ Եվրամիության առանձին անդամների կողմից: