ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հանում են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարեց Թեհրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող բոլոր պարտավորությունների կատարման մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք խթանվել էին ԱՄՆ-ի ձգտմամբ՝ սանձել իրանական միջուկային ծրագիրը: Նա վստահություն է հայտնել, որր Իրանի կողմից միջուկային զենք ստանալու սպառնալիքը զգալիորեն նվազել է:
«Ի պատասխան այն քայլերի, որ ձեռնարկել է Իրանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անհապաղ չեղյալ կհայտարարեն պատժամիջոցները՝ կապված երկրի միջուկային ծրագրի հետ»,- ասել է Քերին՝ ելույթ ունենալով Վիեննայում:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների չեղարկումը նոր հորիզոններ ու հնարավորություններ կբացի իրանցիների առաջ:
Եվրամիության կողմից պատժամիջոցների չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնի անմիջապես, երբ հրապարակվի ԵՄ-ի պաշտոնական ամսագրում:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ չեղարկվելու են այն պատժամիջոցները, որոնք սահմանել են ինչպես ԵՄ-ի, ինչպես էլ Եվրամիության առանձին անդամների կողմից:
«Քանի որ Իրանն իրագործել է իր պարտավորությունները, համապատասխանաբար, այսօր չեղարկվում են միջազգային ու ազգային տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ»,- հայտարարել է Մոգերինին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շնորհավորել է իրանցիներին՝ կապված պատժամիջոցների չեղյալ հայտարարման հետ:
«Շնորհակալ եմ Աստծուն այդ լավության համար ու խոնարհվում եմ Իրանի համբերատար ժողովրդի մեծության առաջ: Շնորհավորում եմ այդ փառավոր հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Ռոուհանին Twitter-ի իր միկրոբլոգում:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ գործողությունների համատեղ ծրագրի իրականացման ժամանակ բոլոր կողմերը փորձել են իրականացնել իրենց վրա վերցված պարտավորությունները:
Հիշեցնենք, որ Իրանի վրայից պատժամիջոցների չեղյալ հայտարարելու նախօրեին ԱՄՆ-ն ու Իրանը փոխանակել էին բանտարկյալների: Ջոն Քերին հայտնել է, որ այն 5 ամերիկացիները, որոնք ազատվել են իրանական բանտերից, արդեն ուղևորվում են ԱՄՆ: