«Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը». Գերման Գրեֆ
«Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը»,- Մոսկվայում ընթացող Գայդարյան ֆորումի ժամանակ ասել է ռուսական Сбербанк-ի ղեկավար Գերման Գրեֆը։ Նա նշել է, որ Ռուսաստանը հայտնվել է պարտված, «դաունշիֆթեր» երկրների շարքում։
Ըստ Գրեֆի, այն երկրները և մարդիկ, որոնք կարողացան ժամանակին ադապտացվել գլոբալ փոփոխություններին և ներդրումներ կատարել, մասնավորապես, տեխնոլոգիական զարգացման ոլորտում, հաղթողներ են։ Իսկ այն երկրները, որոնք չեն հասցրել ադապտացնել իրենց տնտեսությունը, սոցիալական համակարգը և ինստիտուտները, պարտվելու են։ Ու նրանց միջև այդ անդունդը ավելի մեծ է լինելու, քան նախորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակ։
«Ածխաջրածինների ժամանակը մնաց անցյալում։ Քարի դարը ավարտվեց ոչ այն պատճառով, որ քարերը վերջացան։ Ու նույն կերպ, կարելի է ասել, որ նավթի դարն արդեն ավարտվել է»,- ասել է Գերման Գրեֆը` ավելացնելով, որ երբ ինքը առաջին անգամ նստեց Tesla էլեկտրոմոբիլի ղեկին, հասկացավ, որ ապագան ավելի շուտ է եկել, քան իրենք սպասում էին։
Գրեֆը երկար տարիներ զբաղեցրել է ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարի պաշտոնը։