ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել ծննդկան կնոջ որովայնում սավան մոռացած բժիշկների նկատմամբ
Սանկտ Պետերբուրգի Քննչական կոմիտեի աշխատակիցները հետաքննում են բժիշկների անփութության մասին քրեական գործը, ովքեր սավան էին մոռացել ծննդկան կնոջ որովայնում, հայտնում է ntv.ru-ն:
Քրեական գործը հարուցվել է բժշկական ծառայություններ մատուցելու հոդվածի համաձայն, որը չի համապատասխանել անվտանգության պահանջներին: Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:
«Ներկայում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելուն, ինչպես նաև այն անձանց նկատմամբ գործողություններ կատարելուն, ովքեր առնչություն ունեն դրա իրականացմանը: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սանկ Պետերբուրգի ակադեմիկոս Պավլովի անվան մանկաբարձության ու գինեկոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկները կեսարյան հատման ժամանակ հղի կնոջ որովայնում մոռացել էին վիրահատական սավան:
Բժշկուհին, ով ընդունել է ծննդաբերությունը, վստահեցրել է, թե չգիտի, թե ինչպես է սավանը հայտնվել կնոջ որովայնում:
«Վիրահատությունից հետո ես ու ամուսինս դիմեցինք հիվանդանոց, որ մեզ բացատրեն տեղի ունեցածը: Հիվանդասենյակ եկավ բժիշկ-գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը: Նա վստահեցնում էր, թե չգիտի, թե ինչպես է իմ որովայնում հայտնվել այդ սավանը: Ես առավել ևս դա չեմ հասկանում: Դա անձեռոցիկ չէ, որը հնարավոր է պատահաբար մոռանալ վիրահատության ժամանակ»,- ասում է տուժող կինը:
Վիրահատությունը տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 20-ին, իսկ սավանը դուրս է բերվել ծննդկանի որովայնից դեկտեմբերի 14-ին:
Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ կնոջը սուր ցավերով տեղափոխել էին հիվանդանոց: