
Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած վրաերթի դեպքի առթիվ։
2016թ. հունվարի 14-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի հատվածում դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի բնակիչ Ս.Մանասարյանն իր վարած «KIA sorento» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5-րդ շենքի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակչուհի, 1950թ ծնված՝ Հասմիկ Միրզախանյանին և անզգուշությամբ նրան պատճառել մահ:
Հ.Միրզախանյանի դիակը հայտնաբերվել է ճանապարհի եզրին՝ ասֆալտապատ հատվածում:
Դեպքի առթիվ նույն օրը Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
Դեպքի վայրի զննության ժամանակ ինքնակամ ոստիկանության բաժին է ներկայացել ավտոմեքենայի վարորդը՝ Ս.Մանասարյանը։ Քրեական գործի շրջանակներում հարցաքննության ժամանակ վերջինս ցուցմունք է տվել դեպքի շուրջ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Նկատի ունենալով, որ Ս.Մանասարյանը հանդիսանում է ՌԴ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող՝ քրեական գործով նախաքննությունը կշարունակվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: