«ԼՂՀ-ում ոչ ոք չի մտածում տարածքներ հանձնելու մասին». Գառնիկ Իսագուլյան
«Այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր ամբողջ աշխարհում, մեր տարածաշրջանում, բավականին հետաքրքիր պատկեր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Այս տարի լրանում է ԼՂՀ Անկախության հռչակագրի 25-ամյակը, ու ըստ նրա՝ սա շատ կարևոր իրադարձություն է. «ԼՂՀ-ի գոյությունը բավականին լուրջ ազդեցություն է ունեցել մեր 25-ամյա գոյության վրա: Սրանք կարևոր խնդիրներ են, որ մենք պետք է կարողանանք գիտակցել, ու լավ կլիներ՝ 2016 թվականը հայտարարվի Արցախի տարի, ու ձեզնից յուրաքանչյուրն աշխատի գոնե մեկ անգամ լինել ԼՂՀ-ում»:
Նա հայտարարեց, որ ԼՂՀ-ում ոչ ոք չի մտածում տարածքներ հանձնելու մասին. «Հանգիստ եղեք, այն ոճը, որ Ադրբեջանն է որդեգրել, մեծ ցավ է, իհարկե, բայց դա պայմանավորված է բացառապես Ադրբեջանի հռետորաբանությամբ, վերջին շրջանում նրա տնտեսության անկումը, մանաթի արժեզրկումը, բնական է, առաջացնում է բավականին լուրջ մտահոգություններ ալիևյան կլանի համար: Այս իրավիճակում Ադրբեջանը կարող էր ոգևորվել ու ինչ-որ բան անել»: