«Մեր միակ իմաստուն խորհրդատուն մահն է…». կյանքի դասեր՝ Կարլոս Կաստանեդայից
1. Անիմաստ է կյանքը վատնել մեկ ուղու վրա, հատկապես, եթե այդ ուղին սիրտ չունի:
2. Շատ մի բացատրիր: Յուրաքանչյուր բացատրության մեջ ներողություն է թաքնված: Այնպես որ, երբ դու բացատրում ես, թե ինչու պետք է անես այս կամ այն բանը, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար՝ հուսալով, որ լսողները քո հանդեպ բարի կգտնվեն ու կներեն դրանք:
3. Կյանքից մաքսիմումը ստանալու համար մարդ պետք է փոխվելու կարողություն ունենա: Ցավոք, մարդը մեծ դժվարությամբ է փոխվում, և փոփոխությունները շատ դանդաղ են կատարվում: Շատերը դրա վրա տարիներ են ծախսում: Ամենադժվարն իրականում փոխվել ցանկանալն է:
4. Ես երբեք ոչ ոքի վրա չեմ բարկանում: Ոչ մի մարդ չի կարող այնպիսի բան անել, որ իմ այդ ռեակցիային արժանանա: Մարդկանց վրա բարկանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքները կարևոր են: Նման բան ես վաղուց չեմ զգում:
5. Միշտ պետք է հիշես, որ ուղին միայն ուղի է: Եթե զգում ես, որ չպետք է գնաս դրանով, չպետք է մնաս դրա վրա և ոչ մի պարագայում:
6. Որպեսզի գիտակցես իրականությունը, որը սովորական է ուրիշի համար, սկզբում անհրաժեշտ է ազատվել սեփական իրականությունից: Բայց մարդու համար ընդհանրապես հեշտ չէ ազատվել աշխարհի սովորական պատկերից, այդ սովորությունն անհրաժեշտ է ուժով կոտրել:
7. Վարվիր այնպես, ինչպես երազում՝ քաջաբար գործիր ու արդարացումներ մի փնտրիր:
8. Մարդկանց մեծ մասի գլխավոր խոչընդոտը ներքին երկխոսությունն է, որն ամեն ինչի բանալին է: Երբ մարդը սովորում է կանգնեցնել այն, ամեն ինչ դառնում է հնարավոր: Ամենաանհնարին թվացող նախագծերը դառնում են իրականություն:
9. Մարդիկ, որպես կանոն, իրենց հաշիվ չեն տալիս, որ ցանկացած պահի կարող են իրենց կյանքից դուրս նետել՝ ինչ պատահի: Ցանկացած ժամանակ: Ակնթարթորեն:
10. Մեր միակ իմաստուն խորհրդատուն մահն է: Ամեն անգամ, երբ քեզ թվում է, թե ինչ հաճախ է քեզ մոտ ամեն ինչ թարս ընթանում, ինչ վատ են քո գործերը, անդունդի եզրին ես, պարզապես թեքվիր ձախ ու հարցրու մահիդ՝ այդպե՞ս է դա: Մահդ քեզ կպատասխանի, որ սխալվում ես, որ բացի նրա՝ քեզ դիպչելուց, ուրիշ ոչ մի բան չկա, որ կարևորություն ունենա: Քո մահը քեզ կպատասխանի. «Բայց չէ՞ որ ես դեռ չեմ դիպչել քեզ»:
11. Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Բայց միևնույն է՝ բոլոր ճանապարհները գնում են ոչ մի տեղ: Նշանակում է՝ ճանապարհի ամբողջ իմաստն այն է, թե ինչպես գնաս նրանով… Եթե հաճույքով ես գնում, նշանակում է՝ դա քո ճանապարհն է: Եթե վատ ես զգում, ցանկացած պահի կարող ես դուրս գալ այդ ճանապարհից, ինչքան էլ հեռու գնացած լինես: Եվ դա ճիշտ կլինի:
12. Մեզնից պահանջվում է մեր ամբողջ ժամանակն ու էներգիան, որպեսզի հաղթենք մեր միջի տխմարին: Դա հենց այն է, ինչն ունի նշանակություն: Մնացածը ոչ մի կարևորություն չունի…
13. Ամբողջ աճպարարությունն այն է, թե ինչի վրա ես կենտրոնանում… Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իրեն կամ դժբախտ, կամ ուժեղ դարձնում: Աշխատանքի ծավալը, որը կարևոր է և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքում, միևնույնն է:
14. Գիտության մարդ դառնալու համար պետք է լինել ռազմիկ, այլ ոչ՝ լացկան երեխա: Պայքարել՝ առանց հանձնվելու, առանց նահանջելու, պայքարել այնքան, մինչև չտեսնես: Եվ այս ամենը՝ միայն նրա համար, որպեսզի հասկանաս, որ աշխարհում չկա ոչինչ, որ որևէ նշանակություն ունենա:
Թարգմանությունը՝ 168.am-ի