«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներից 8-ի մոտ ախտորոշվել է խոզի գրիպ
««Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի 600 մահճակալ, աշխատում ենք ընդունել բոլոր հիվանդներին, որոնք դիմում են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նա տեղեկացրեց, որ եթե ուրիշ ժամանակ քրոնիկ հիվանդները ստացիոնար բուժում կստանային, ապա այժմ իրենց ուղարկում են տուն: Նա նաև հայտնեց, որ հունվարի 14-ի առավոտյան տվյալներով՝ վերակենդանացման բաժանմունքում ունեին 13 սուր շնչառականով հիվանդ, որոնցից 8-ի մոտ ախտորոշվել է խոզի գրիպ. «Բայց այդ պրոցեսն անընդհատ ընթացքի մեջ է, այդ թիվն անընդհատ կարող է փոփոխվել»:
Մեր այն հարցին, թե ո՞ր տարիքային սահմաններում են այդ 8 հիվանդները, Շ. Հունանյանն այսպես պատասխանեց. «Այդ ինֆորմացիան չունեմ, բայց բոլորս էլ գիտենք, որ խնդիրը մեծերի, երեխաների, հղիների և քրոնիկ հիվանդություն ունեցողների համար է: Ամեն դեպքում հիվանդանոցը պատրաստ է և աշխատում է արտակարգ ռեժիմով, մեծ ուշադրություն ենք դարձնում արդեն վաղուց և հատկապես՝ հղիներին»:
Հարցին էլ՝ դիմողների թվի դինամիկա նկատվո՞ւմ է վերջին օրերին, Շ. Հունանյանը պատասխանեց, որ չի նկատվում. «Նույն իրավիճակն է: Սովորական ժամանակ մեր հիվանդանոց դիմում են մինչև 2000 հոգի, հիմա, բնականաբար, բարձրացում կա: «Էրեբունին» անում է ամեն ինչ, որ բոլոր հիվանդներին կարողանա բուժօգնություն մատուցել»:
Նշենք, որ ըստ Առողջապահության նախարարության հունվարի 14-ի ժամը 10;00-ի տվյալների` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ Նշենք նաև, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին: