
Ինդոնեզիայի ահաբեկչությունների հեղինակները ձերբակալվել են

Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 4 մարդու, ովքեր կարող են առնչություն ունենալ ահաբեկչությունների կազմակերպմանը, որոնք այսօր տեղի են ունեցել երկրի մայրաքաղաք Ջակարտայում, հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ, ըստ վերջին տեղեկությունների, պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ, ներառյալ 4 հարձակվողները:
Ջակարտայի կենտրոնում ահաբեկչությունները կազմակերպել էր 10-14 զինյալից բաղկացած խումբը, որի թվում եղել էին մի քանի մահապարտ-ահաբեկիչներ: Ականատեսների խոսքով՝ պայթյուններից հետո սկսվել է հրաձգություն, որի հետևանքով սպանվել է նվազագույնը 1 ոստիկան:
Առաջին պայթյունները որոտացել էին ժ. 08.00-ի սահմաններում խոշոր առևտրի կենտրոնի ու ՄԱԿ-ի շենքի մոտ:
Associated Press-ի տեղեկություններով՝ 3 մահապարտներ իրենց պայթեցրել են Ջակարտայի Starbucks սրճարանում, ևս 2 զինված մարդ հարձակվել է ոստիկանների վրա նույն շրջանում, ինչի հետևանքով 1 ոստիկան է զոհվել:
Ինչպես հայտնում է ինդոնեզական TVOne հեռուստաալիքը, ևս 3 պայթյուն որոտացել է Պակիստանի ու Թուրքիայի դեսպանությունների մոտ, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հարձակումների շարքն անվանել է «ահաբեկչական ակտեր»: