Ջակարտայում մահապարտները պայթյուններ ու հարձակումներ են իրականացրել, կան զոհեր
Նվազագույնը 4 մարդ է զոհվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ քաղաքի ոստիկանության բաժանմունքի մոտ 6 պայթյուն է որոտացել: Կես ժամ անց սկսել էին տեղեկություններ հաղորդվել նոր պայթյունների մասին:
Ոստիկանության ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ զոհվել է նվազագույնը 3 քաղաքացիական անձ և 1 ոստիկան:
Ոստիկանությունը նաև հայտնում է, որ հարձակմանը մասնակցել է նվազագույնը 14 զինյալ:
Associated Press-ի տեղեկություններով՝ 3 մահապարտներ իրենց պայթեցրել են Ջակարտայի Starbucks սրճարանում, ևս 2 զինված մարդ հարձակվել է ոստիկանների վրա նույն շրջանում, ինչի հետևանքով 1 ոստիկան է զոհվել: Ոստիկանին գնդակահարածներին հաջողվել է թաքնվել, նրան հետապնդում է ոստիկանությունը:
Ինչպես հայտնում է ինդոնեզական TVOne հեռուստաալիքը, ևս 3 պայթյուն որոտացել է Պակիստանի ու Թուրքիայի դեսպանությունների մոտ, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հարձակումների շարքն անվանել է «ահաբեկչական ակտեր»:
Հարձակումների պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: