Բաժիններ՝

«Համայն Ռուսիո պատրիարքը երևի պատմությունը լավ չի իմացել». Վարդան Խաչատրյան

«Համայն Ռուսիո պատրիարքը Թուրքիայի պատմության հետ կապված ինչ-որ վրիպում է թույլ տվել, երևի պատմությունը լավ չի իմացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը՝ խոսելով օրերս Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այն հայտարարության մասին, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին չեն ոչնչացրել:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն օրերս ռուսական հեռուստաընկերությանը տված ծավալուն իր հարցազրույցում, անդրադառնալով Միջին Արևելքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, ասել էր. «Քրիստոնյաների և մահմեդականների միջև հարաբերություններն անամպ չեն եղել պատմության մեջ, մենք գիտենք, որ եղել են և՛ բռնի հավատափոխության դեպքեր, և՛ Բյուզանդիայի քրիստոնեական տարածքների գրավումներ, բայց եթե փակագծերից այն կողմ թողնենք բուն ռազմական գործողությունները, որ ուղեկցվել են կորուստներով թե մեկ, թե մյուս կողմից, ապա երբևէ իսլամական աշխարհում տեղի չի ունեցել այն, ինչ հիմա է կատարվում»։ 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում պատրիարք Կիրիլը համարել է ցեղասպանություն՝ հակադրելով անցյալի հետ, իսկ որպես օրինակ՝ Համայն Ռուսիո պատրիարքը բերել է Օսմանյան Թուրքիան: «Այո՛, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»,- հայտարարել է նա։

Վ. Խաչատրյանը կարծում է՝ դա վրիպակ է, քանի որ հիմա Ռուսաստանում ոչ ոք Հայաստանի դեմ չի կարող խոսել. «Ինքը Հռոմի պապը չէ, որ իր սեփական աշխատողն ունենա արխիվներում»: Բանախոսը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի տեսնում Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարության մեջ: «Համոզված եմ, որ չկա քաղաքական ենթատեքստ, որովհետև ներկայիս ՌԴ-ի համար կարևորագույն դաշնակիցը Հայաստանն է: Այսպիսի Հայաստանի դեմ հայտարարություն Ռուսաստանում, ով ուզում է լինի, չի անի»:

Հարցին՝ հայկական եկեղեցին ինչո՞ւ որևէ կերպ իր դժգոհությունը չարտահայտեց այդ հայտարարության վերաբերյալ, Վ. Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Դուք համարում եք, որ Էջմիածինը պետք է քաղաքական դեմա՞րշ աներ: Ես ասում եմ, որ դա կարող է լինել վրիպում: Եթե Հայաստանի դեմ հայտարարություն լիներ, ապա դա կնշանակեր ուղղակի սեփական պետության դեմ հայտարարություն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս