Բրազիլիայի քաղաքներն սկսել են չեղյալ հայտարարել կառնավալները
Բրազիլիայի ողջ տարածքում քաղաքներն ստիպված են եղել չեղյալ հայտարարել ավանդական ամենամյա կառնավալները կամ զգալի կրճատել դրանց անցկացման վրա կատարվող ծախսերը երկրում 1930-ականներից ի վեր ամենածանր ռեցեսիայի պատճառով, գրում է Financial Times-ը:
Ավելի վաղ, այդ թվում՝ 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, բրազիլացիները կառնավալների ժամանակ մի կողմ էին դնում իրենց խնդիրներն ու հոգսերը, սակայն ներկայում տոնելու ցանկությունը նվազել է ծանր տնտեսական վիճակի ու երկրի պատմության մեջ խոշորագույն կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
Սան-Պաուլու նահանգի Կամպինաս քաղաքը չի կարողացել հայթայթել անհրաժեշտ 322 հազար դոլարը սամբայի դպրոցի ամենամյա շքերթի անցկացման համար: Կառնավալներից հրաժարվել են նաև Պորտու-Ֆերեյրան, Մակապան, Լավրաս-դու-Սուլը:
Ենթադրվում է, որ մոտակա երկու շաբաթներին նրանց օրինակին կհետևեն նաև տասնյակ այլ քաղաքներ ու շրջաններ:
Բրազիլական կառնավալն անցկացվում է ամեն տարի ու ավարտվում Զատկից 40 օր առաջ: Այս տարի կառնավալը կնշվի փետրվարի 5-9-ին:
Ամենազանգվածային կառնավալային շքերթն անցկացվում է Ռիո-դե-Ժանեյրոյում: Անցած տարի դրան մասնակցել է 1 մլն զբոսաշրջիկ ողջ աշխարհից: