ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք: 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:
«Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն