
Գալուստ Սահակյանի դեպքում արգելափակման խնդիր չի եղել, պարզապես այդ պահին ճանապարհը փակել են մաքրման համար. Հովհաննես Խանգելդյան

ՀՀ ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ ՀՀ-ում տոնական օրերին գրանցվել է 676 արտակարգ դեպք, ինչը 250-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ.
«Գրանցվել է 3 զոհ, 56 տուժած: 1 զոհ ունեցել ենք հրդեհից, 1 զոհ՝ ՃՏՊ-ից, և 1 քաղաքացի ապակողմնորոշման հետևանքով ձնաբքի մեջ սառչել ու մահացել էր: Դեպքերի աճը պայմանավորված է տեղումների հետևանքով եղած արգելափակումներով: Հրդեհների աճ չի եղել՝ նախորդ տարվա համեմատ, ՃՏՊ-ների ցուցանիշը զգալիորեն նվազել է, այս տարի ունեցել ենք 25 դեպք և 3 տուժած, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 34 դեպք, 4 զոհ: Փլուզումները պակասել են 6-ով: Կենցաղային կանչերն են շատ եղել՝ կապված բնակարաններում ջրագծերի վնասման հետ: Բոլոր կանչերը սպասարկվել են, իսկ ընդհանուր առմամբ եղել է 263 կենցաղային դեպք»:
Նա նշեց, որ ձյան հետևանքով արգելափակման 234 դեպք է գրանցվել: 1234 տրանսպորտային միջոց դուրս է բերվել անվտանգ տարածք, և շուրջ 3500 քաղաքացու փրկարարները դուրս են բերել ձյան արգելափակումից. «Բավականին մեծ թիվ է դա:
Ընդհանուր առմամբ, ՏԿԱԻՆ-ը 10000-ից ավելի զանգեր է ստացել, որոնք հիմնականում եղել են Գեղարքունիքից և Սյունիքից, քանի որ Գորիս-Սիսիան, Կապան-Մեղրի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում բարդ իրավիճակ էր ստեղծվել, կար ցածր տեսանելիություն և անգամ ճանապարհները մաքրելուց հետո կրկին արգելափակումներ էին առաջանում: Բարեբախտաբար, ճանապարհներին ոչ ոք չի զոհվել կամ տուժել»:
Անդրադառնալով հունվարի 4-ին տեղի ունեցած դեպքին, երբ ձնաբքի պատճառով ճանապարհներին մնացած մեքենաների թվում էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին սպասարկող ավտոմեքենան, նա նշեց, որ արգելափակումների վերաբերյալ բազմահազար զանգեր են ստացվել հենց այդ ժամանակահատվածում, և իրենք սպասարկելով բոլոր զանգերը սահմանված կարգով՝ առանձին չեն անդրադարձել պաշտոնյաներին. «Մեր գործընկերներից էլ են այդ շարասյուների մեջ եղել:
Գալուստ Սահակյանի դեպքում արգելափակման խնդիր չի եղել, պարզապես այդ պահին ճանապարհը փակել են մաքրման համար: Նրա մեքենան եղել է շարասյան մեջ, Ոստիկանությունն էլ փակել է ճանապարհը: Հետո լրատվամիջոցներով եմ տեղեկացել, որ նման պաշտոնյա է եղել այդ ճանապարհին»: