Բաժիններ՝

«Աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ». քաղաքապետ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ձնամաքրման և տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազակերպմանն ու իր դժգոհությունը հայտնել ինչպես սանմքարման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների կողմից այդ աշխատանքների վերահսկման հետ կապված:

«Բոլորն են տեղյակ, որ «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն աղբահանության ծառայությունն է մատուցում մայրաքաղաքում, այլ նաև ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է: Ու մենք բոլորս, մեր համաքաղաքացիների հետ միասին, դժգոհ ենք ընկերության կողմից կազմակերպված ձնամաքրման աշխատանքներից: Երևանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր: Թեև պետք է նաև արձանագրենք, որ 3 օրից ավել անընդմեջ տեղացող ձյան պայմաններում, երբ եկավ մեկ ամսվա ծավալի ձյուն, բնական է, որ դժվարություն կլիներ:

Ու հաշվի առնելով առաջացած դժվարությունները՝ իմ կողմից մեր բոլոր ծառայություններին եղավ հանձնարարական` ներգրավվել այդ աշխատանքներում և աջակցել ընկերությանը: Մինչդեռ մեր խնդիրը պետք է միայն տվյալ աշխատանքների վերահսկողությունը լիներ, այլ ոչ թե այդ աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամաբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությանը՝ նկատելով, որ այդ մասով ևս ակնհայտ էր թերացումը:

«Ձնամաքրման աշխատանքների վերահսկողության ուղղությամբ տեղումների առնվազն առաջին օրը ակնհայտ էր գրեթե բոլոր վարչական շրջանների կողմից թերացումը: Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմն ընդհանրապես ամբողջությամբ թերացավ այդ աշխատանքի մեջ: Ու հաշվի առնելով, որ էրեբունիում դեռևս վարչական շրջանի սանմաքրման ձեռնարկությունն է այդ աշխատանքներն իրականացնողը, որն ամբողջությամբ տապալեց, նկատողություն եմ հայտարարում ինչպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, ով անձամբ էր համակարգում այդ աշխատանքները, այնպես էլ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ծառայության բոլոր պատասխանատուներին», – նշել է քաղաքապետն ու հանձնարարել է վերանայել Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման ընկերության ֆինանսավորումը:

Տոնական օրերին աղբահանության կազմակերպմանն անդրադառնալով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այն ևս եղել է ոչ բավարար, և իր դժգոհությունն է հայտնել ինչպես «Սանիթեք» ընկերությանը, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարներին:

«Այն, որ աղբահանությունն այդ օրերին վատ է կազմակերպվել, անգամ քննարկման ենթակա չէ: Ու այս հարցում իմ դժգոհությունը ոչ միայն «Սանիթեք»-ից է, այլ նաև վարչական շրջանների ղեկավարներից: Դու՛ք պետք է տեղերում վերահսկեիք աղբահանության կազմակերպումն ու պահանջեիք այն իրականացնել պատշաճ:

Առավել ևս, որ ձեզ համար նորություն չէր, որ հատկապես տոնական այդ օրերին աղբի ծավալը բավականին շատ է ու աղբահանությունը պետք է իրականացվի ոչ տարվա մնացած օրերի հաճախականությամբ և գրաֆիկով: Ուստի հետևություն արեք այս ամենից ու հենց տեղերում վերահսկեք աշխատանքների կազմակերպումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ձնամաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 1200 աշխատակիցներին ու գնահատելով նրանց օր ու գիշեր կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներին աջակցած ընկերություններին՝ ընդգծելով, որ տոնական այդ օրերին մարդիկ իրենց ընտանիքների կողքին լինելու փոխարեն եղել են դրսում ու արել են հնարավորը, որպեսզի ապահովեն մայրաքաղաքի բնակիչների հնարավոր անխոչընդոտ տեղաշարժը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս