Մեր պատասխանն ու արձագանքն ամոթալի են. Հայկ Ա. Մարտիրոսյան
«Վերջին մեկ ամսում Ռուսաստանից զինամթերքի մուտքը Հայաստան պայմանավորված է ռուս- թուրքական հարաբերությունների վատացմամբ: Ռուսաստանն ուղղակի ուժեղացնում է իր ռազմական կոնտինգենտը Հայաստանում, որը հակված չեմ դիտարկել Հայաստանի ուղեծրում, այլ՝ թուրքական սահմանի:
Ռուսաստանը Թուրքիային ուժի ցուցադրում է անում մոտավորապես այն տարբերակով, ինչով երեկ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային սահմանամերձ օդային տարածքով ցուցադրական ռմբակոծիչների թռիչք կատարեց, որը հաղորդագրություն է Հյուսիսային Կորեային: Նույնատիպ ակցիա է Ռուսաստանի կողմից առավել նոր և առավել հարուստ զինատեսակներով իրենց ռազմաբազան վերազինելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Ա.Մարտիրոսյանը:
Անդրադառնալով սահմանային լարվածության խնդրին, նա նշեց, որ սխալ են այն կարծիքները, թե սահմանային լարվածությունը կապված է երկու երկրների նախագահների հանդիպումների հետ.
«Գուցե հանդիպումներից առաջ լարվածության տոկոսն է մեծանում, բայց Ադրբեջանն ունի հստակ քաղաքականություն՝ անընդհատ ռազմական լարումը պահել: Դա նաև հոգեբանական ահաբեկչության մեթոդ է, որն ունի մեզ բարոյապես հյուծելու, հոգնեցնելու, վախեցնելու նպատակ: Անընդհատ լարվածությունը պահելով՝ իրենք պատերազմի կրակը չեն մարում և թույլ չեն տալիս, որպեսզի ստատուս-քվոն սկսի ազդեցություն ունենալ»:
Հայկ Ա. Մարտիրոսյանը մեր պատասխանն ու արձագանքն ամոթալի է գնահատում.
«Մենք անընդհատ հայտարարում ենք, որ կպատասխանենք, բայց ի՞նչ ենք անում։ Մենք պետք է մեր խնդիրներն առաջ տանենք, համարժեք պատասխան պետք է տանք: Նմանատիպ իրավիճակում գտնվող Իսրայելը տասն անգամ ավելի ուժեղ է պատասխանում, մենք էլ պետք է նույնն անենք: Պաշտոնապես շատ բան է հայտարարվում, բայց գործողություններ չենք տեսնում»: