
Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ

Քյոլնում, որի տասնյակ բնակչուհիներ հայտարարել էին Ամանորի գիշերը ներգաղթյալների կողմից իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին, «Պեգիդա» հակամիգրացիոն շարժման կողմից կազմակերպվել էր բողոքի ակցիա: Ցույցի ընթացքում մասնակիցները բախվել էին ոստիկանների հետ, որոնք ջրցան մեքենաներ էին գործի դրել ամբոխին ցրելու համար, հայտնում է BBC-ն:
Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի խոշորագույն քաղաքի ոստիկանությունը փորձել էր զերծ պահել «Պեգիդայի» անդամներին սոցիալիստների կողմնակիցների հետ բախումներից:
Բացի այդ՝ երեկ Քյոլնում բողոքի ակցիա էին կազմակերպել նաև ֆեմինիստական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք բողոքում էին կանանց նկատմամբ սեռական բռնությունների գործադրման դեմ:
Անցած շաբաթ տեղի ոստտիկանությունը կալանավորել է 21 մարդու, ովքեր կասկածվում են ամանորյա գիշերը սեռական բնույթի ոտնձգությունների կատարման մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեն պաշտոնից ազատվել է Քյոլնի ոստիկանապետը:
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է դյուրացնել հանցագործություններ կատարած ներգաղթյալների արտահանձնումը: