Բաժիններ՝

Գործարար տատին սպանելու մեջ մեղադրվող երիտասարդի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Գործարար տատի սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Պաշտպանը պահանջում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և փոփոխել, նրա արարքը որակել՝ որպես անզգուշությամբ մահ պատճառելը, և նրան ենթարկել պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռով Ալբերտ Մոմջյանին մեղավոր էր ճանաչել սպանության և գողության հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետ): Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` նա դատապարտվել էր 21 տարվա ազատազրկման: Ալբերտ Մոմջյանն անազատության մեջ է 2014թ. սեպտեմբերի 18-ից:

Դատարանում Ալբերտ Մոմջյանը ցուցմունք է տվել այն մասին, որ տատիկին անզգուշությամբ է մահ պատճառել: Քրեական գործը վերաքննիչ դատարանում կքննեն դատավորներ Ռուզաննա Բարսեղյանը, Արարատ Պետրոսյանը և Գագիկ Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս