Բանտից փախուստի դիմած մեքսիկացի հայտնի նարկոբարոն Գուսմանին տեղափոխել են խիստ ռեժիմի բանտ
Մեքսիկացի 57-ամյա նարկոբարոն Խոակին Գուսմանին, ում դարձյալ կալանավորել էին շաբաթ գիշեր, տեղափոխել են խիստ ռեժիմի «Ալտիպլանո» բանտ, որտեղից նա հուլիսին փախուստի էր դիմել:
Մոտ կես տարի ազատության մեջ գտնվող «Կարճլիկ» մականունով նարկոբարոնին ձերբակալելուց հետո տեղափոխել են Մեքսիկայի օդանավակայան, ցուցադրել լրագրողներին ու ռազմական ուղղաթիռով ուղարկել երկրի կենտրոնական մասում գտնվող բանտը:
Գուսմանը ձերբակալվել էր հատուկ օպերացիայի ժամանակ, որն անցկացվել էր Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայրենի Սինալո նահանգի Լոս-Մոչիս քաղաքում: Օպերացիայի ժամանակ Գուսմանը դարձյալ փորձել է թաքնվել ոստիկաններից թունելների միջոցով: Հրաձգությունը սկսվելուց հետո նարկոբարոնը փորձել է լքել տունը կոյուղատարի միջոցով, սակայն ձերբակալվել է տան մոտ՝ մեքենայի մեջ:
Գուսմանն աշխարհի ամենահետախուզվող նարկոբարոններից էր: Նրա «Սինալոա» կարտելը ԱՄՆ-ում զբաղվում է կոկաինի, հերոինի ու մետամֆետամինի մաքսանենգ առևտրով:
Հիշեցնենք, որ Գուսմանը կալանավորվել էր 2014թ. փետրվարին Սինալոա նահանգում մեքսիկացի ու ամերիկացի թմրաոստիկանների համատեղ օպերացիայի ընթացքում: Նրան ձերբակալել էին Մասատլան զբոսավայրի հյուրանոցներից մեկում:
Մեքսիկական իշխանություններն ավելի վաղ հրապարակել էին «Ալտիպլանո» բանտի տեսահսկման սարքերի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Գուսմանը փախել բանտից:
Կադրերում երևում է, թե ինչպես է Գուսմանը մի քանի անգամ գնում-գալիս իր բանտախցում, ապա մտնում է լոգախցիկն ու անհետանում: Ավելի ուշ բանտախցում ոստիկանները անցք էին հայտնաբերել, որը տանում է դեպի մեկուկես կիլոմետր երկարություն ունեցող թունելը: Հենց թունելի օգնությամբ էլ նարկոբարոնը դուրս է եկել բանտից:
https://www.youtube.com/watch?v=JGmVVVNIDeY