Ինչո՞ւ են մարդիկ քրտնում
Մարդն իր ծնված օրից քրտնում է: Քրտինքն առաջանում է տարբեր զգացմունքների արդյունքում, ֆիզիկական եւ ջերմային գործոնների ազդեցությամբ: Այն առաջանում է դեմքի վրա, ոտքի եւ թեւերի տակ, ձեռքի ափերի մեջ: Քրտնելու չափի վրա ազդում է տրամադրությունը, որոշ տեսակի սննդամթերքի ու ըմպելիքի գործածությունը եւ էնդոկրին համակարգի վիճակը:
Առհասարակ մարդու մարմնի ջերմաստիճանը գտնվում է հավասարակշռության մեջ, այսինքն` ջերմությունը մտնում է մարմին եւ դուրս գալիս: Սակայն, երբ ջերմության հոսքն ավելանում է, օրգանիզմում խանգարվում է բալանսը, եւ մարդը սկսում է շոգել: Որպեսզի կարգավորվի հավասարակշռությունը, պետք է օրգանիզմը գտնի պայքարի միջոց շոգի դեմ, իսկ այդտեղ օգնում է քրտնելը։ Քրտինքը գոլորշիանալով` սառեցնում է մեր մարմինը, եւ վերականգնվում է ջերմային բալանսը:
Ընդհանրապես քրտնում են բոլորը: Հիմնականում այս խնդրի լուծման համար օգտագործվում են դեզոդորանտներ: Հակամիկրոբային միջոցները խոչընդոտում են այն բակտերիաների զարգացմանը, որոնք առաջացնում են տհաճ հոտ: Նման պրեպարատների ազդեցությունը տեւում է 6-7 ժամ, այդ պատճառով էլ բարձր քրտնարտադրության դեպքում դեզոդորանտները չեն փրկի:
Կան մարդիկ, որոնք համեմատաբար ավելի շատ են քրտնում, քան մյուսները: Նման դեպքերում պետք է օգտագործվեն այլ պրեպարատներ: Եթե քրտինքից տհաճ ու շատ վատ հոտ է գալիս, պետք է անպայման դիմել բժշկի: Օրգանիզմի նման ռեակցիան վկայում է առողջական ինչ-ինչ խնդիրների մասին: Պետք է դիմել բժշկի հատկապես այն դեպքում, երբ սկսում եք քրտնել երեկոյան ու գիշերը, այն էլ` առանց պատճառի: Հատկապես շատ վտանգավոր է սառը քրտինքը:
Ճիշտ կլինի մարդիկ ընտրեն բնական կտորեղեն` բուրդ, բամբակ, վուշ, մետաքս եւ այլն: Այս կտորներից պատրաստված հագուստները մաշկին թույլ են տալիս շնչել: Նույնը վերաբերում է կոշիկներին: Պետք է աշխատել քիչ օգտագործել սուրճ, կծու համեմունքներ, քանի որ դրանք բարձրացնում են քրտնարտադրությունը: Պետք է նաեւ խոտաբույսերով (եղեսպակ, կաղնու կեղեւ) լոգանքներ ընդունել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը