Թիվ 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել՝ այլ անձի փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի թիվ 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վ. Աթեյանին՝ նույն տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «hetq.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել էր տեղեկույթ առ այն, որ քաղաքացի Հասմիկ Ռաֆայելյանն իր ընտանիքի անդամների՝ մայրիկի և քույրիկի հետ գնացել է թիվ 8/08 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են. նշված են եղել այլ անձանց անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:
Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված անձանց փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։
Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վ.Աթեյանը նույն տեղամասի ընտրողներ Հասմիկ Ռաֆայելյանի, Սիրանուշ Ռաֆայելյանի և Սանդուխտ Ռաֆաելյանի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ. Աթեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
2015 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 30 քրեական գործ՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: