Ըստ հաղորդման` թիվ 2/36 ընտրական տեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծվել են
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները: Մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 կամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, ինչպես նաև նույն ընտրական տեղամասում կատարվել է լցոնում:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա` թիվ 2/36 ընտրական տեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ քննվում են 25 քրեական գործեր, որոնցից մեկը ինչպես արդեն նշել ենք՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: