Բաժիններ՝

Տարբեր քաղաքներում Ձմեռ պապի զգեստ են կրում ավտոբուսների վարորդները, նաև` Պետավտոտեսչության աշխատակիցները

Ձմեռային հեքիաթի մասնակիցը դառնալը դարձել է Ամանորի գլխավոր պայմաններից մեկը: Բոլորը ջանասիրաբար ձևացնում են, որ հավատում են Ձմեռ պապի գոյությանն ու հրաշքների սպասում: Գրեթե յուրաքանչյուր ձեռնարկություն Ձմեռ պապի մասնակցությամբ որևէ ակցիա է իրականացնում և հեքիաթին հաղորդակից դառնալու հրավիրում: Ողջ աշխարհում մարդիկ (ոչ միայն երեխաները) Ձմեռ պապին նամակներ են գրում ու տիեզերք ուղարկում:

Նոր տարվա խորհրդանիշը դարձած սպիտակամորուս Պապը հրաշքների աշխարհի դեսպանն է դարձել, որն ի զորու է մարդկության երազանքները կռահել: Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը բացարձակ դրական պերսոնաժ է, որի ուժը հենց հողեղեն խնդիրներից կտրված լինելու մեջ է: Նրա անմնացորդ բարությունը վաղուց արդեն լայնորեն շահագործվում է:

Քաղաքական գործիչները Ձմեռ պապի անունից մարդկանց նվերներ են բաժանում և անվերապահորեն հավատացնում, որ իրենք հեքիաթային ծերուկի կարողություններն ունեն: Ձմեռ պապի կարմիր մուշտակը կարող են հագնել բոլորը` հավատացնելու համար, որ բարի գործեր են անում, քանի որ կրում են ամենաբարի մարդու դիմակը:

Տարբեր քաղաքներում Ձմեռ պապի զգեստ են կրում ավտոբուսների վարորդները, նաև` Պետավտոտեսչության աշխատակիցները: Եվ բոլորը անում են դա սեփական իմիջը բարձրացնելու համար: Ձմեռ պապերը կանգնում են խանութներում, ռեստորաններում, նրանք պատրաստ են հյուր գալ յուրաքանչյուրի տուն:

Ողջ մոլորակն է մասնակցում այդ մեծ հեքիաթին: Եվրոպայում հակագլոբալիստների մի խումբ հանդես է գալիս Սանտա Կլաուսին «աշխատանքից հեռացնելու» գաղափարով: Նրանք պնդում են, որ «բարի հրաշագործը» վաղուց արդեն կոմերցիոն կերպար է դարձել և օգտագործվում է միայն ամանորյա առևտուրն աշխուժացնելու նպատակով: Գուցե հենց Սանտա Կլաուսի իմիջը բարձացնելու պահն է հասունացել: Մարդիկ երբ ամեն քայլափոխին չէին տեսնում այդ բարի ծերուկին, ավելի մեծ սիրով ու հավատով էին վերաբերվում նրան ու գնահատում նրա նվերները:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս